ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik, Ժաննա Պողոսյան․ Այսօր Երևանի կենտրոնը գունավորվել էր․մի քանի տասնյակ մարդիկ քայլերթ էին իրականացնում՝ ծածանելով տարբեր երկրների դրոշներ։ Յուրաքանչյուր հայ Երևանում իրար կողքի տեսնելով Ռուսաստանի, Ֆրանսիայի, Բելգիայի, Հունաստանի ու Լիբանանի դրոշները կարող էր գլխի ընկնել, որ այդ երկրներին այս պահին միավորողը Հայաստանի հետ նրանց բարեկամությունն է և Հայոց ցեղասպանությունը նրանց կողմից ճանաչելու փաստը։
Այսօր ցեղասպանությունը ճանաչած 37 երկրների դրոշների շարքում հայտնվել էր նաև Սիրիայի կարմիր-սև-սպիտակը։ Այս տարվա փետրվարի 13-ին Սիրիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև։ Քայլերթի «նորեկ» դրոշակը միանգամից աչքի է զարնում, այն բռնել են Հայաստանի եռագույնից անմիջապես հետո, ու հենց դրա շուրջ են հավաքվել պաստառներով մարդիկ։ Պաստառներից շատերի վրա Սիրիայի Նախագահ Բաշար Ասադի նկարն է։
Ակցիան մասնակիցներն անվանել են «երախտագիտության քայլերթ» ու պարբերաբար վանկարկում են «շուքրան, Սիրիա» (արաբերեն`շնորհակալություն)։ Դրոշներով մասնակիցները` երաժիշտների ուղեկցությամբ, քայլում են Երևանի կենտրոնական փողոցներով ու կանգ առաջ Հայաստանում Սիրիայի դեսպանատան մոտ։ Դեսպանատան դռները բացել են, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ուզում են շնորհակալություն հայտնել, ներս մտնեն, ու բոլորը ներս մտան։ Աշխատակիցները միանգամից բարձրախոսի հարցը լուծեցին։ Հավանաբար, նման միջոցառումներ հաճախ չեն լինում այստեղ, քանի որ բարձրախոսի գնապիտակն անգամ չէին հասցրել պոկել։
Միջոցառումը սկսվում է Հայաստանի ու Սիրիայի օրհներգներով։ Ներկաների մեծ մասը երկու օրհնգերն էլ երգում է։ Նրանց շարքում շատ են սիրիահայերը, որոնց համար այն փաստը, որ իրենց երկրորդ հայրենիքը ճանաչել է Ցեղասպանությունը, ասես մեծ տոն լինի։ Օրհներգները լսելուց հետո հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցում 1915 թվականի ջարդերի 1,5 միլիոն զոհերի ու 2011 թվականից մինչ այսօր սիրիական քաղաքացիական պատերազմի ընթացքում սպանված զինծառայողների հիշատակին։
Երախտագիտության խոսք են ասում ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն ու Հնչակյան կուսակցության անդամ Վազգեն Մեսրոպյանը։ Երկուսն էլ ընդգծում են, որ 21-րդ դարի Թուրքիան չի փոխել իր ձեռագիրն ու հիմա էլ Սիրիայի տարածքում է սպանում խաղաղ բնակչությանը։
«Միայն 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչելով կարելի է կանգնեցնել Թուրքիային, որն Օսմանյան կայսրության անմիջական ժառանգորդն է ու զերծ պահել հետագա սարսափելի գործողություններից։ Այս քայլով Սիրիան ապացուցեց, որ մեր երկրների բարեկամությունը շատ ամուր է։ Ցեղասպանությունից փրկված բազում հայեր Սիրիայում են ապաստան գտել։ Իսկ հիմա, երբ Սիրիան ծանր ժամանակներ է ապրում, Հայաստանը տուն է դարձել ոչ միայն սիրիահայերի, այլև բազում սիրիացիների համար», - նշեց Արծվիկ Մինասյանը։
«Թուրքիայի ձեռքը բռնել է պետք». քրդական համայնքը բողոքի երթ է կազմակերպել. լուսանկարներ
Հայաստանում Սիրիայի դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմն խոսքը սկսեց հայերեն բարևելով, ինչին դահլիճը ծափահարություններով արձագանքեց։ Նա ասեց, որ հավաքված հայերն իր քույրերն ու եղբայրներն են, որից հետո նորից ծափահարություններ հնչեցին։
«Հայոց ցեղասպանությունը եղել է Արևմտյան Հայաստանի տարածքում, կոտորածը հասել է մինչև Սիրիայի հողեր։ Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` Սիրիան իր ներդրումն է անում պատմական իրականությունն ընդունելու հարցում», - նշեց դեսպանը։
Մոհամմեդ Հաջ Իբրահիմը նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը քաղաքացիական պատերազմի ժամանակ Սիրիային աջակցելու, այդ թվում նաև՝ մարդասիրական առաքելության իրականացնելու համար։
Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13–ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև։ 20-րդ դարում Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձևը ներկայացրել էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախումբը։