«Պարտված ենք բոլորս». ԶՈւ ԳՇ պետի հետ ԱԺ երկու հանձնաժողովները փակ քննարկում կունենան

Պատգամավորներն Արտակ Դավթյանի հետ քննարկելու են նաև վերջին օրերին բանակում տեղի ունեցած մահվան դեպքերի հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, ինչպես նաև Պաշտպանության և Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովներն աշխատանքային փակ քննարկում կանցկացնեն ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի մասնակցությամբ։ Տեղեկությունը Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտնել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Արցախում մահացած սպային ինքնասպանությա՞ն են հասցրել. հարուցվել է քրգործ

Արցախում կրկին զինծառայող է մահացել

«Արտակ Դավթյանի հետ փակ քննարկումը տեղի կունենա փետրվարի 18-ին, ժամը 11։00-ին։ Թեման արդեն գիտեք»,–գրել է նա։

ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ երեքշաբթի օրը նախատեսված փակ նիստում լսելու են Արտակ Դավթյանին և մի քանի այլ պատասխանատուների:

Պատգամավորի խոսքով` խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերն այլևս անվտանգային լուրջ մարտահրավեր են, ու հերթապահ նախադասություններով, թե զինված ուժերում կարգապահական կանոնագրքին ավելի խիստ հետևելու անհրաժեշտություն կա` խնդիրը չի լուծվելու։

«Բա ինչի՞ համար են հրամանատարները, որ չեն կարողանում կանխել 19-20 տարեկան, ըստ էության, երեխաների էմոցիոնալ շոկերը ու մենք ունենում ենք զոհ: Զոհեր: Արդեն, ցավոք, դաժանորեն շատ։ Եվս մի անհամեստ հարց` այդ ո՞նց է լինում, որ զորամասի բարոյահոգեբանական վիճակի համար պատասխանատու որևէ բարձրաստիճան զինվորական պատասխանատվության աթոռին չէ»,–գրել է Զոհրաբյանը` հավելելով, որ  եթե չենք խնայում մեր սպայի ու զինվորի կյանքը` պարտված ենք բոլորս:
Մահացած 23-ամյա սպան ծրագրավորող էր, երկու կարմիր դիպլոմ ուներ. մանրամասներ

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին, ժամը 19:00-19։30–ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում ճակատի շրջանում մահացու հրազենային վիրավորում էր ստացել 1997թ. ծնված Հայկ Ասրյանը: Քննչական կոմիտեն հայտնել էր` զինվորի մահվան դեպքով քրեական օրենսգրքի 110–րդ հոդվածի` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրգործ է հարուցվել։

Զինծառայողների մահվան երկու դեպք էր գրանցվել ընդամենը 3 օր առաջ` փետրվարի 12-ին, իսկ տարվա սկզբից սա արդեն 13–րդ դեպքն է ՀՀ զինված ուժերում։

Արցախում զինծառայողներ են մահացել