Մահացած 23-ամյա սպան ծրագրավորող էր, երկու կարմիր դիպլոմ ուներ. մանրամասներ

Հայկ Ասրյանը բարձր առաջադիմությամբ ավարտել էր Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիայի համալսարանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Երեկ Արցախի զորամասերից մեկում մահացած 23-ամյա պայմանագրային զինծառայող Հայկ Ասրյանը մասնագիտությամբ ծրագրավորող էր։ Նա երկու կարմիր դիպլոմ ուներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը։

Արցախում կրկին զինծառայող է մահացել

Փետրվարի 14-ին, ժամը 19:00-19։30–ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում ճակատի շրջանում մահացու հրազենային վիրավորում էր ստացել 1997թ. ծնված Հայկ Ասրյանը:

«Հայկը մեր համայնքից` Գորիսից էր։ Սովորել է Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցում և կարմիր դիպլոմով ավարտել. ոսկե մեդալակիր էր։ Հետո սովորել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։ Բացի այդ, նա նաև ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիայի համալսարանն էր ավարտել կարմիր դիպլոմով»,–ասաց Յոլյանը։

Նա հայտնեց` զոհված զինծառայողը քույր և եղբայր ունի, որոնք նույնպես բարձր առաջադիմությամբ են սովորում։ Հայկի եղբայրն այժմ Բակունցի դպրոցի 12–րդ դասարանում է սովորում, գերազանցիկ է։ Ասրյանները դպրոցում հայտնի են իրենց փայլուն գիտելիքներով ու օրինակելի վարքով։ Իսկ նրանց հայրը մասնագիտությամբ ինժեներ է` «Ճանշինում» է աշխատում։

Արցախում մահացած սպային ինքնասպանությա՞ն են հասցրել. հարուցվել է քրգործ

Արցախում 19-ամյա զինծառայողը հանկարծամահ է եղել

«Պարկեշտ, աշխատասեր ընտանիքից է Հայկը. այսօր Գորիսում ամբողջ համայնքն է նրա կորստի ցավով ապրում։ Հույս ունենք, որ անհրաժեշտ բոլոր միջոցառումները կձեռնարկեն, որպեսզի հետագայում նման դժբախտ դեպքերը բացառվեն»,–ասաց համայնքի ղեկավարի տեղակալը։ 

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր` դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Զինծառայողների մահվան երկու դեպք էր գրանցվել ընդամենը 3 օր առաջ` փետրվարի 12-ին, իսկ տարվա սկզբից սա արդեն 13–րդ դեպքն է ՀՀ զինված ուժերում։

Արցախում զինծառայողներ են մահացել