«Ինչ-որ բան ինչ-որ տեղ այնպես չենք անում». ՊԲ հրամանատարը` մահվան դեպքերի մասին

Պաշտպանության բանակի հրամանատարը զինվորների մահվան դեպքերի հետ կապված կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատու անձանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ բանակում վերջին շրջանում զինծառայողների մահվան դեպքերի առնչությամբ փետրվարի 15-ին Պաշտպանության բանակի շտաբում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն։

Բանակի ռազմական խորհրդի անդամների և ռազմաիրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցությունը վարել է ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը:

«Յուրաքանչյուր զինվորի մահ ծանր կորուստ է մեզ համար, և այդ կորստի մեղքի կրողը մեզնից ամեն մեկն է: Չնայած ամենօրյա խիստ ռեժիմով մեր կողմից իրականացվող աշխատանքներին, այդուհանդերձ, վերջին շրջանում տեղ գտած դեպքերը ցույց են տալիս, որ ինչ-որ բան ինչ-որ տեղ այնպես չենք անում»,-ասել է հրամանատարը:

Խորհրդակցության ընթացքում իրնց նկատառումներն են ներկայացրել նաև բանակի հրամանատարի տեղակալներն ու ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչները: Վերջիններս ըստ ուղղությունների ներկայացրել են բանակում միջանձնային հարաբերությունների բարելավման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Հատուկ կարևորություն է տրվել անվտանգության կանոնների պահպանմանն ու զինծառայողների միջև առողջ փոխհարաբերություններ ձևավորելու գործընթացներին:

Զինծառայողների մահվան դեպքերով քրգործեր են հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով

Բանակի հրամանատարը նշել է, որ, այնուամենայնիվ, արված աշխատանքին զուգահեռ ակնհայտ են նաև թերացումներ, ինչի կապակցությամբ կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատու պաշտոնատար անձանց։

Փետրվարի 14-ին, ժամը 19:00-19։30–ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում ճակատի շրջանում մահացու հրազենային վիրավորում էր ստացել 1997թ. ծնված Հայկ Ասրյանը:

Զինծառայողների մահվան երկու դեպք էր գրանցվել ընդամենը 3 օր առաջ` փետրվարի 12-ին, իսկ տարվա սկզբից սա արդեն 13–րդ դեպքն է ՀՀ զինված ուժերում։

Ով է պատասխան տալու 3 զինվորի մահվան համար. քրեական գործ է հարուցվել