ԵՐԵՎԱՆ, 13 փետրվար — Sputnik. Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ և «Յանս» ռեստորանային համալիրի սեփականատեր Վաչագան Ղազարյանի ու նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի կողմից «Յանս» ռեստորանի նախկին գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանից 40 մլն դրամ շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից։
«Քրեական գործի առթիվ որոշում է կայացվել Վաչագան Ղազարյանի և Ռուզաննա Բեգլարյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել հանցակազմի բացակայության պատճառով»,–ասացին ՀՔԾ–ից։։
Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերին ՔԿ-ն հայտնել էր, որ «Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի գործունեության ընթացքում հայտնաբերվել են հանցավոր մի շարք դրսևորումներ, որոնց հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 1 մլրդ 163 մլն 516 հազ 352 ՀՀ դրամ։
Դատարանը բավարարել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի հայցը
Հարուցվել էր նոր քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նկատի ունենալով, որ Ռուզաննա Բեգլարյանի և Վաչագան Ղազարյանի վերաբերյալ քրեական գործ է քննվում ՀՔԾ-ում։
Վաչագան Ղազարյանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
Հիշեցնենք` ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ`նախնական համաձայնությամբ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման)՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ։