Կարեն Ասլանյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

Մինչ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Կարեն Ասլանյանն արդեն երկու անգամ նվաճել էր Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալը՝ 2018 և 2019 թվականներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik.  Հռոմում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի երրորդ տեղի համար գոտեմարտում 67 կգ քաշային կարգում հանդես եկող Կարեն Ասլանյանը կամային հաղթանակ տարավ հունգարացի Քրիստիան Իշտվան Վանձայի նկատմամբ` 7։5 հաշվով։ Հայտնվելով 0:3 հաշվով պարտվողի դերում` Ասլանյանը կարողացավ չորս միավորանոց գցում կատարել ու հաղթել բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Չեմպիոնի որդին չեմպիոն դարձավ. Էդմոնդ Նազարյանը ոսկի նվաճեց Եվրոպայի առաջնությունում

Շատ դժվար, բայց նաև արժանի հաղթանակ տարավ Ասլանյանը, նա, անկեղծ ասած, բոլոր տվյալներն ուներ նաև չեմպիոն դառնալու: Բայց , նման դեպքում բրոնզն էլ հաղթանակ պետք է համարել, որը Ասլանյանի համար արդեն երրորդն է Եվրոպայի առաջնություններում: Գևորգ Ղարիբյանի դրամատիկ հաղթանակից հետո, սա ևս մեկ ցանկալի հաղթանակ էր մեր հավաքականի համար:

Ասլանյանն իր առաջին գոտեմարտում՝ որակավորման փուլում հաղթանակի հասավ շվեդ Օսկար Էռլանդսոնի նկատմամբ` 3:1 հաշվով: 1/8 եզրափակիչում  Կարենը ոչ մի շանս չտվեց վրացի Գեորգի Շոթաձեին, որի նկատմամբ գեղեցիկ երկու հնարք կիրառելով` վաստակեց 9 միավոր ու ժամանակից շուտ հաղթանակ տարավ:

Քառորդ եզրափակիչում էլ Ասլանյանը հաղթեց սերբ Մատե Նեմեշին, բայց կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 3:4 հաշվով պարտվեց ռուս Նազիր Աբդուլաևին:

Գևորգ Ղարիբյանը ջախջախեց ադրբեջանցուն. տեսանյութ

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում մինչև Կարեն Ասլանյանի գոտեմարտը վաստակել էր երկու մեդալ: Գևորգ Ղարիբյանը 60 կգ քաշային կարգում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Կարապետ Չալյանը 77 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ: Բացի այդ մենք ոսկե մեդալի ևս մեկ հույս ունենք: Ավելի ուշ 97 կգ քաշային կարգի եզրափակիչում մրցելու է Արթուր Ալեքսանյանը:

Առջևում հին աշխարհամասի առաջնությունն է ազատ ոճային ըմբիշների համար, որը մեկնարկելու է փետրվարի 14-ին: Հայաստանը ներկայացված է լինելու բոլոր՝ տասը քաշային կարգերում: