Սուր շնչառական վարակների դեպքերը Հայաստանում նվազել են. դպրոցները փակելու կարիք չկա

Առողջապահության նախարարը վստահեցնում է, որ դպրոցներում բացակայությունների մեծ թիվը կապ չունի հիվանդացության ցուցանիշի հետ։ Բացակաների մեծ մասն առողջ երեխաներ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում կոչ արեց դասերը բոյկոտելու կոչեր չհնչեցնել։

Հայաստանում ակտիվացել են սուր շնչառական վարակները. մարդիկ չեն շտապում պատվաստվել

«Ամեն օր գնահատելով իրավիճակն ու թվերը` մենք ԿԳՄՍ նախարարության հետ որոշում ենք կայացնում` կարիք կա դադարեցնելու դասերը, թե ոչ։ Այսօրվա դրությամբ ես նորից հայտարարում եմ, որ չկա։ Ավելին` այդ բացակայությունների մեծ մասը պարզապես կանխարգելիչ բացակայություններ են։ Այսինքն` իրենք հիվանդ չեն, բայց դպրոց չեն գնում, որ չհիվանդանան»,– ասաց Թորոսյանը։

Նա նշեց նաև, որ առողջապահության նախարարությունն ինքն է կոչ անում հիվանդ երեխաներին դպրոց չուղարկել։ Իսկ դպրոցի մուտքի մոտ երեխաներն ստուգում են անցնում, և ախտանշաններ հայտնաբերելու դեպքում, նրանց ուղարկում են տուն։

Կորոնավիրուսի ախտորոշման թեստերն արդեն Հայաստանում են. դրանք տրամադրել է ՌԴ-ն

«Այսօր 1300 երեխա ենք ուղարկել տուն, նախադպրոցական հաստատություններում ու դպրոցներում սուր շնչառական վարակներով հիվանդացությունը կազմում է 5.8 տոկոս։ Միգուցե եղել են դասարաններ, որտեղ բացակայությունը կազմել է  50, 60 տոկոս, բայց կարող եմ պնդել, որ դրանց մեծ մասը եղել են առողջ երեխաներ, որոնք ուղղակի վախենում են վարակվելուց»,– նշեց Թորոսյանը։

Վերջին տվյալներով, ըստ Թորոսյանի, Հայաստանում սուր շնչառական վարակների նվազում է գրանցվել։

Նշենք, որ կորոնավիրուսի վարակի դեպք Հայաստանում չի գրանցվել։