«Արտեֆակտ»` հետևանքի հետևանքը

Sputnik Արմենիայի «Արտբոքս» հաղորդաշարի եթերում արվեստագետ Էդիկ Պողոսյանը, լուսանկարիչ Արեգ Բալայանը և ռեժիսոր Հրայր Սարգսյանը խոսել են «Հետևանքը` արտեֆակտ» բազմաբնագավառ ցուցահանդեսի մասին, որն առաջարկում է հակամարտությունը քննել այլընտրանքային տեսանկյունից:
Sputnik

Ցուցահանդեսի նախաձեռնողները` Էդիկ Պողոսյանը և Արեգ Բալայանը, փորձել են ի ցույց դնել ոչ թե քաղաքական, տնտեսական կամ սոցիալական հետևանքները, այլ շփման գծի մերձակայքում առկա հետքերը, գտնել և ընտրել հակամարտության հետ կապված նյութական վկայություններ և դրանք վերափոխել արվեստի գործերի:

Խնդիր է դրվել մի դեպքում առանձնացնել առարկայի ինքնուրույն գոյությունը անձնական պատմությունից (հակամարտության իրեղեն հետքերի օբյեկտ–ինստալացիա), մյուս դեպքում միահյուսելու առարկա-մարդ անկախ գոյությունները (լուսանկարչական շարք)։ Նախագծի ընթացքում հայեցողաբար աշխատող տեսախցիկը արձանագրել է ոչ միայն նախագծի մասնակիցների աշխատանքը, այլև վերականգնել մարդկանց և միջավայրի փոխհարաբերությունները։

Ցուցահանդեսը մեկնարկել է փետրվարի 8-ին Հայաստանի նկարիչների միությունում և կգործի մինչև փետրվարի 28-ը։