Տղամարդն էլեկտրական սղոցի մեջ թմրամիջոց է թաքցրել և ուղարկել Հայաստան

ՌԴ–ից թմրամիջոցը «պատվիրողները» ստացել են ուղեբեռը, որից հետո բերման են ենթարկվել և ձերբակալվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է` Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացին, ապօրինի ձեռք  է բերել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ու ՀՀ բեռնափոխադրմամբ զբաղվող միկրոավտոբուսի վարորդի միջոցով փորձել այն Հայաստան ուղարկել։

Թմրանյութ սուրճի փոխարեն. ինչպես է Իրանից Հայաստան թմրանյութ ներկրվում ու արտահանվում

«ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացին, Երևանում բնակվող 2 ծանոթի պատվերով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով մեթադոն և կոկաին տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրել է էլեկտրական սղոցի մեջ պատրաստված թաքստոցում։ Նա 2020թ. հունվարի 25-ին Մոսկվայում սղոցը պայուսակով փոխանցել է դեպի Հայաստան  բեռնափոխադրմամբ զբաղվող միկրոավտոբուսի վարորդին՝ տրամադրելով նրան գնորդների հեռախոսահամարները»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ։

Թմրամիջոցների հիշյալ խմբաքանակը մաքսային հսկողությունից թաքցնելով`2020թ. փետրվարի 3-ին «Բագրատաշեն» սահմանային անցակետով ներկրվել է ՀՀ, իսկ թմրամիջոցի պատվիրատուները, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո, փետրվարի 3-ին ստացել են ուղեբեռը։ Հետո այն ապօրինի փոխադրել են իրենց կողմից որպես հավաքատեղի օգտագործվող տարածք, որից հետո բերման են ենթարկվել և ձերբակալվել։

Ո՞ր երկրներից է թմրանյութ հասնում ՀՀ, կամ 1 կգ թմրանյութ` Երևանի գիշերային ակումբի համար

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում  ձեռք է բերվել հանցագործությունը փաստող անհերքելի ապացույցների համակցություն։ Կատարվում է նախաքննություն։

Տղամարդն էլեկտրական սղոցի մեջ թմրամիջոց է թաքցրել և ուղարկել Հայաստան