ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Լոռու մարզում կրակոցներ են հնչել, որի հետևանքով հրազենային վնասվածքներով «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 4 քաղաքացիներ, որոնցից 2-ը ճանապարհին գիտակցության չգալով մահացել են: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Հիվանդանոցից զանգահարել են Վանաձոր քաղաքի ոստիկանության և հայտնել կատարվածը։ Հիվանդանոց են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ և Լոռու մարզային քննչական վարչության խմբերը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Բազում թաղամասից, որտեղ հայտնաբերվել է նաև ՎԱԶ-2121 մակնիշի 33 TO 356 համարանիշի ավտոմեքենա՝ ամբողջովին հրկիզված: Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է ավտոմատ: Ավտոմեքենայի կրակը մարելու համար ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ոստիկաններն ու քննիչները կասկածներ ունեն, որ հնարավոր է, հրկիզված «Նիվան» կապ ունի կատարված դեպքի հետ: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Անհայտ անձինք ներխուժել են Մոսկվայի հյուրանոցներից մեկն ու կրակ բացել. կան տուժածներ
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը:
Աղբյուրի պնդմամբ` դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ այս կրակոցներն ու սպանությունները վենդետա են, և կապ ունեն տարիներ առաջ Սպիտակում տեղի ունեցած մեկ այլ սպանության հետ: Այդ վարկածը նույնպես ոստիկաններն ու քննիչները պարզում են: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Լոռու մարզի դատախազը:
Sputnik Արմենիան կապ հաստատեց Վանաձորի հիվանդանոցի հիվանդների ընդունարանի աշխատակցի հետ, սակայն վերջինս չցանկացավ որևէ տեղեկություն հայտնել, բայց չհերքեց կատարվածը։