ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺ որոշումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով, ինչպես նաև «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակել 2020 թվականի ապրիլի 5-ին»,- նշված է հաղորդագրության մեջ:
«Մահափորձ կատարվեց իրավունքի և օրենքի նկատմամբ». Վանեցյան
Նշվում է, որ հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» նախագիծը հասարակական և քաղաքական լայն զանգվածների շրջանում իրարամերժ քննարկումների առիթ էր դարձել։
Ավելի վաղ Արմեն Սարգսյանը անդրադարձել էր մամուլում եղած հրապարակումներին և քննարկումներին։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։
Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:
ԱԺ-ն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու ՍԴ «հին» դատավորների հարցը փոխանցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, և հիմա բոլորի հայացքներն ուղղված են դեպի Բաղրամյան 26։
Նշենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն` Հանրաքվեն կայացած ու Սահմանադրությունը փոխված կհամարվեն, եթե դրան կողմ քվեարկեն հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը:
2018թ.-ի տվյալներով` ՀՀ–ում ընտրելու իրավունք է ունեցել 2 մլն 593 հազար 140 քաղաքացի, ու նրաց թիվն էապես չի փոխվել, ապա սահմանադրական փոփոխություններն ընդունվելու համար հանրաքվեի ժամանակ «այո» պիտի ասեն առնվազն 648 հազար 285 քաղաքացի։