ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik.ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանրապետության նախագահի աշխատակազմը, հետևելով մամուլում հրապարակումներին և ընթացող քննարկումներին, պարզաբանումներ է ներկայացրել Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշման առնչությամբ հանրապետության նախագահի գործառույթների մասին՝ հետագա շահարկումներից, հակասական մեկնաբանություններից և թյուրըմբռնումից խուսափելու նպատակով։
«Հանրապետության նախագահին ներկայացված փաստաթուղթն օրենքի նախագիծ չէ, օրենք չէ, այլ Ազգային ժողովի կողմից 2020թ. փետրվարի 6-ի ընդունված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումն է, որը հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում»,- նշված է ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է նաև, որ վերոնշյալ որոշման առնչությամբ հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթներն ընթացակարգային են և սահմանափակվում են միմիայն և բացառապես Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն եռօրյա ժամկետում հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիր ստորագրելով:
«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` հանրապետության նախագահի կողմից վերոնշյալ եռօրյա ժամկետում հանրաքվե չնշանակվելու դեպքում հանրաքվեն համարվում է նշանակված՝ սահմանված ժամկետի վերջին օրվա հաջորդող 65-րդ օրվան նախորդող կիրակի օրը:
«Հարկ ենք համարում նշել, որ հանրաքվեի օր նշանակելով կամ չնշանակելով, հանրապետության նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից ընդունած և հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաև այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ»,- հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։
Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:
ԱԺ-ն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու ՍԴ «հին» դատավորների հարցը փոխանցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, և հիմա բոլորի հայացքներն ուղղված են դեպի Բաղրամյան 26։
ՍԴ անդամների հարցը կորոշի ժողովուրդը. ԱԺ–ն ընդունեց հանրաքվեի մասին նախագիծը
Նշենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն` Հանրաքվեն կայացած ու Սահմանադրությունը փոխված կհամարվեն, եթե դրան կողմ քվեարկեն հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը:
2018թ.-ի տվյալներով` ՀՀ–ում ընտրելու իրավունք է ունեցել 2 մլն 593 հազար 140 քաղաքացի, ու նրաց թիվն էապես չի փոխվել, ապա սահմանադրական փոփոխություններն ընդունվելու համար հանրաքվեի ժամանակ «այո» պիտի ասեն առնվազն 648 հազար 285 քաղաքացի։