ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը կոռուպցիոն ռիսկ չի տեսնում, որ մի շարք պաշտոնյաների որդիներ ծառայում են նույն զորամասում։ Այս տեսակետը Դավթյանը հայտնեց այսօր լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով մամուլում ու հանրային շրջանակներում օրեր առաջ շոշափվող Արցախի «էլիտարի» համբավ ունեցող զորամասին։
Auroranews.am-ը փետրվարի 3-ին հոդված էր հրապարակել ս.թ. հունվարի 30-ին Արցախի զորամասերից մեկի զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան հետ առնչվող զինծառայողների ու տվյալ զորամասի մասին։ Ըստ աղբյուրի` այս զորամասը «հարուստների երեխեքի» զորամաս է, ովքեր Ղարաբաղում ծառայում են, բայց դիրքեր «չեն բարձրանում»։ Հոդվածում ներկայացվում են նաև «էլիտար» զինվորները` նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդու լուսանկարը` «դիվիզիոնի ասող» Արայիկ Սարգսյանի, Վաչե Հայրապետյանի ու Խաչիկ Գասպարյանի հետ։
«Իսկ որտե՞ղ պետք է ծառայեն նրանց երեխաները` ցանկացած տեղ էլ ծառայեին, մի անուն կդնեին։ Ի դեպ, արցախյան այդ զորամասն իր կրակային հզորությամբ ամենաուժեղներից է, և մարտական հերթապահություն էլ իրականացնում է»,-ասաց Դավթյանը։
Նրա խոսքով` ցանկացած մեծ զորամասում, որտեղ 1000 զինծառայող կա, նրանցից 1-2–ը պաշտոնյայի երեխաներ կարող են լինել կամ էլ ինչ–որ պաշտոնյայի բարեկամներ։
Արցախում 20-ամյա զինծառայողի մահվան գործով մի շարք սպաների զորացրել են ԶՈՒ շարքերից. ՊԲ
Անդրադառնալով իր որդիներին` Դավթյանը պատմեց, որ երեք որդիներից մեծն արդեն իսկ ծառայել և զորացրվել է։ «Փոքր որդիս ծառայում է և կես տարի հետո կզորացրվի, և այդ ժամանակ էլ միջնեկ որդիս կմեկնի բանակ»,–ասաց ԶՈւ գլխավոր շտաբի պետը։
Հիշեցնենք, որ «էլիտար» զորամասերի թեմային անդրադարձել էր նաև Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը` հայտնելով, որ, այո, զորամասն էլիտարի համբավ ունի։ Սակայն այն էլիտար է ոչ թե նրանով, որ այդտեղ են իրենց ծառայությունն անցնում բարձրաստիճան պաշտոնյաների որդիները, այլ նրանով, որ ինչպես Արցախյան առաջին պատերազմում, այնպես էլ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում լուրջ դերակատարություն է ունեցել հակառակորդի լայնածավալ հարձակումները կասեցնելու և զինադադար պարտադրելու գործում:
Հետևողական է լինելու. Տոնոյանն ընդունել է մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատներին
Ինչ վերաբերում է զորամասում բարձրաստիճան պաշտոնյաների որդիների ծառայության մասին շրջանառության մեջ դրված «փաստին», ապա դա, ըստ Արցախի ՊՆ–ի, ոչ այլ ինչ է, քան տեղեկատվական շահարկում։