ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik, Սվետլանա Բաևա․ Մոսկվան՝ World Travel Awards մրցանակի դափնեկիրը, դուր է գալիս օտարերկրացիներին, բայց կան նրբություններ։ ՌԻԱ Նովոստին պատմում է, թե ինչն է հատկապես հիացնում իտալացիներին, ինչքան գումար է վերցնում տաքսու վարորդը կրկես հասցնելու համար և որն է քաղաքի «գունազարդված խաղալիքը»։
Ում համար` անգլերեն, ում համար` հունարեն
«Ես բազմաթիվ անգամ եմ լսել, որ երբ մոսկվացիներին հարցրել են` անգլերեն խոսո՞ւմ եք, պատասխանել են` ոչ։ Հետո հենց անգլերեն էլ շատ լավ շփվել են, –պատմում է Ավստրալիայում բնակվող Տանա Սիմփսոնը։ – Ես, քաղաքավարությունից դրդված, «բարև ձեզ», «խնդրեմ», «շնորհակալություն», «ոչ» և «այո» բառերն եմ ռուսերեն ասել»։
Գերմանացի Փոլը նշում է, որ ամենուրեք կան անգլերեն նշաններ, ճանապարհը գտնելը հեշտ է։
«Իսկ ռուս ճանապարհորդները Լոնդոնում, Փարիզում կամ Գերմանիայում կիրիլիցա կտեսնե՞ն», – հարցնում է նա։
Զբոսավար–թարգմանիչ Ելենա Բրեուսն ասում է, որ զբոսաշրջիկները երբեմն բողոքում են կենտրոնից դուրս գտնվող շրջաններում տեղորոշման բացակայությունից։
Ոմանց համար առանց անգլերենի էլ Մոսկվայում ման գալը բարդ չէ։ Ելենա Սավինան ասում է, որ, օրինակ, իտալացիները, որոնք դպրոցում հունարեն են անցել, արագ կողմնորոշվում են և սկսում կարդալ ցուցանակները։
Գետնի տակ
Ռուսաստանի մայրաքաղաքի հյուրերի ծրագրի պարտադիր կետը մետրոն է` պատմական կայարաններ, խճանկարային պաննոներ, շքեղ ջահեր։
«Ես պատմում եմ զբոսաշրջիկներին, որ մոսկովյան մետրոյի թունելի տրամագիծը համապատասխանում է Սպասսկայա աշտարակի ժամացույցի թվացույցի չափին։ Այդպիսի մանրուքները միշտ հետաքրքրում են օտարերկրացիներին, դրանք թույլ են տալիս ներկայացնել Մոսկվայի Կրեմլի շինությունների համամասնությունները», – պատմում է զբոսավար–թարգմանիչ Մարիա Սորոկինան։
Բայց, ինչպես ամերիկացի Պիտեր ՄաքԴոնալդն է Quora զբոսաշրջային ծառայությունում գրել, մետրոն և էլեկտրագնացքները դժոխք են պիկ ժամին։
«Մի անգամ ես մոտ 20 րոպե գնացել եմ` ծռված և կանգնած մեկ ոտքի վրա», – գրել է ամերիկացին։
Ավելի հանգիստ ժամերին օտարերկրացիները զարմանում են, որ ուղևորները տեղ են զիջում միմյանց։
Ինչպես չինացին Հայաստան եկավ «չինական» վիրուսից մեկ ամիս առաջ ու սիրահարվեց մեր երկրին
«Նրանց դուր է գալիս, որ Մոսկվայում բառացիորեն վեր են ցատկում տեղից տարեց մարդ տեսնելիս։ Իտալիայում, օրինակ, նման բան հազվադեպ կտեսնես», – նշում են զբոսավարները։
Եվ գետնի վրա
Հռոմում ապրող Անտոնիո Տոմասինին հավանել է լայն պողոտաները, լավ կազմակերպված ճանապարհային երթևեկությունը։ Ճիշտ է, նա հիշում է նաև խցանումները, որոնցից պրծում չկա։
ՄաքԴոնալդը պատմել է իր վարձակալած բնակարանի մոտ գործող ճանապարհային համակարգի մասին. «Լոս Անջելեսի ցանկացած ճանապարհային նախագծող կարող էր հպարտանալ նման շինությամբ»։ Բայց, նրա խոսքով, խցանումն ուղղակի տեղափոխվել է մի քանի կիլոմետր ներքև։
«Ես Մոսկվան կհամեմատեի Չիկագոյի հետ, բայց հասարակական տրանսպորտի արդյունավետ համակարգով և վատագույն վարորդներով», – գրում է նրա հայրենակից Գրեգ Սթիվենսը։
Թայվանցի զբոսաշրջիկը բողոքում է տաքսիներից. կենտրոնում գտնվող հյուրանոցից մինչև Վերնադսկու պողոտայում գտնվող կրկես հասնելու համար նա վճարել է վեց հազար ռուբլի։ Մինչ այդ մոսկվացիները, որոնք տաքսի են կանչել բջջային հավելվածով, օգնել են նրան Տագանկայից Թատերական անցում հասնել 500 ռուբլով։
Ե՛վ զբոսավարները, և՛ զբոսաշրջիկները բողոքում են նաև հաճախ փակվող ճանապարհներից, որոնք կարող են փչացնել ամբողջ ծրագիրը։
Հանգիստ է, բայց զգոն եղեք
Ավստրալուհի Տանյա Սիմփսոնը խոսել է փողոցներում և հասարակական վայրերում պաշտպանվածության զգացողության մասին. «Լավ մթնոլորտ է։ Ամենուրեք կան ոստիկաններ և անվտանգության աշխատակիցներ, այնպես որ քեզ լիովին պաշտպանված ես զգում»։
«Նա գնաց Երևան, բայց սիրտը մնաց այստեղ». տան պատմությունը, որտեղ ապրել է Փարաջանովը
Բայց դա չի օգնել հոնկոնգցի զբոսաշրջիկին. նա մնացել է առանց հեռախոսի և ապահովագրության։ «Նրա բջջային հեռախոսը գողացել են քաղաքի կենտրոնում։ Միջոցները վերադարձնելու նպատակով ապահովագրական գործակալություն դիմելու համար ոստիկանությունից տեղեկանք է պետք։ Մենք գնացինք մոտակա բաժին։ Բայց մեզ մերժեցին, քանի որ գողությունը տեղի էր ունեցել ուրիշ շրջանում», – պատմում է Ելենա Բրեուսը։
Ուտել և հանգստանալ
Զբոսաշրջիկներին դուր են եկել Մոսկվայի խոհարարական հնարավորությունները։
«Ուտելիքը հիանալի է, գրեթե տնական։ ԱՄՆ–ում շատ են վնասակար հավելումներն ու ֆաստֆուդը։ Ռուսական խոհանոցը առողջարար է, մաքուր և ավելի բուրավետ», – պատմում է ամերիկուհի Ռենեն։
Երբեմն զբոսաշրջիկներին շփոթեցնում է մայոնեզը, որն ամեն ինչի մեջ կա։
Օտարերկրացիներին դուր են գալիս մոսկովյան շուկաները, որոնք վերածվել են գաստրոմարկետների։
«Շատ հաց, տարբեր տեսակի տապակած բանջարեղեն, միս և ձուկ։ Ամեն ինչ համեղ է, կարելի է գնել ցանկացած արժեքի ճաշատեսակ։ Ես կարծում էի, որ ռուսական խոհանոցն ավելի մեղմ կլինի։ Բայց շատ հագեցած է համերով և բաղադրիչներով», – պարզաբանում է Տանյա Սիմփսոնը։
Նրա խոսքով` Մոսկվայում հեշտությամբ կարելի է իտալական, ճապոնական ճաշատեսակներ գտնել. «Պիցցան իսկապես լավն է, սուշին` միջին»։
Կրեմլից մինչև կենդանաբանական այգի
«Ես ու կինս զարմանքով իմացանք, որ Մոսկվան իտալական արմատներ ունի։ Շենքերից շատերի ճարտարապետները մեր հայրենակիցներն են. Կրեմլը, Մեծ թատրոնը։ Մենք հպարտանում ենք, երբ լսում ենք ծանոթ ազգանուններ` Ֆյորավանտի, Սոլարի, Ջիլարդի», – ասում է Անտոնիո Տոմասինին։
Նրա կնոջը` Իլարիո Կապոնիին, ապշեցրել է Մոսկվայի եկեղեցիների բյուզանդական ճարտարապետությունը. «Բոլորովին տարբեր է։ Ուղղակի ցնցող»։
Անսպասելի է, բայց չեն հավանել Արբատը։ Զբոսավարների խոսքով` արտասահմանցիները կարծում են, որ այն «ոչ մի բանի մասին է և նման է գունազարդված խաղալիքի»։ Նիկոլսկայա փողոցը նրանց ավելի շատ է հետաքրքրել։ Ամերիկացի զբոսաշրջիկը Մոսկվայի կենդանաբանական այգին անվանել է «համաշխարհային կարգի հաստատություն», խորհուրդ է տվել այցելել Հաղթանակի թանգարան, իսկ Արբատը «բաց թողնել»։
Զբոսավար–թարգմանիչ Օքսանա Մուշտանովան պատմում է, որ հաճախ զբոսաշրջիկները Մոսկվա են գնում առանց մեծ սպասումների։ Կարծում են, որ կտեսնեն մռայլ, մոխրագույն և փոշոտ քաղաք։ Դրա փոխարեն տեսնում են լույսեր, ռիթմ, երկնաքերներ և գեղեցիկ մարդիկ։