ԵԽ-ն հայտարարություն անելու փոխարեն պետք է նպաստի Ադրբեջանի ժողովրդավարացմանը. Հայրապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ամփոփել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության աշխատանքը:
Sputnik

Պատգամավորը խոսել է Հայաստանին վերաբերող հայտարարության մասին, որով ԵԽԽՎ դիտորդները մտահոգություն էին հայտնել ՀՀ կառավարության և ՍԴ նախագահի ինստիտուտների միջև առկա լարվածության առնչությամբ։

«Հայտարարությամբ արձանագրվում է, որ կա խնդիր, բայց միևնույն ժամանակ կողմերին կոչ է արվում շարունակել մնալ նույն իրավական դաշտում խնդրի հանգուցալուծման ճանապարհին»,- նշում է հայկական պատվիրակության ներկայացուցիչը:

Անդրադառնալով հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև առաջացած լարվածությանը՝ Հայրապետյանն ընդգծում է այն հանգամանքը, որ ԵԽԽՎ-ում հստակ գիտակցում են՝ արժեհամակարգերի հարցում Ադրբեջանը Հայաստանի հետ համեմատվելու եզրեր չունի, և առհասարակ Ադրբեջանի հետ դժվար է խոսել խաղաղության մասին, քանզի այնտեղ այլակարծություն չկա:

«Եթե Եվրոպայի խորհուրդն իրոք ցանկանում է նպաստել խաղաղությանը, ապա պետք կողմ կամ դեմ հայտարարություններով հանդես գալու փոխարեն լիարժեքորեն նպաստի Ադրբեջանում ժողովրդավարության հաստատմանը»,– եզրակացնում է Տաթև Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ թեև ԵԽԽՎ բանաձևերն ունեն բացառապես խորհրդատվական բնույթ, այդուհանդերձ դրանք տվյալ պետության հետ կապված կարևոր արձանագրումներ են համարվում և կարող են դրվել մոնիտորինգ իրականացնող մշտադիտարկողների զեկույցների հիմքում:

Պատգամավորի հետ զրույցն ամբողջությամբ լսելու համար դիտեք տեսանյութը։