ԱԺ արտահերթ նիստը չի կայանա. մեկ այլ արտահերթ նիստ է լինելու

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արտահերթ նիստը բացեց ու հայտարարեց փակված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. ԱԺ արտահերթ նիստը, որի ընթացքում պետք է քննարկվեր ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնանկության հարցը, չի կայանա։ Այսօր նիստի բացմանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նիստի նախաձեռնողը` «Իմ քայլը» խմբակցությունը, հետ է կանչել օրակարգում ընդգրկված իր երկու նախագծերը։

«Ըստ երևույթին ինչ–որ տեխնիկական խնդիրների պատճառով են նախագծերը հետ կանչվել։ Այսօր առավոտյան նախաձեռնողը նոր, համանման, ոչ բովանդակային փոփոխություններով նախագիծ է դրվել շրջանառության մեջ, և ֆրակցիան կրկին միջնորդել է հրավիրել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ»,– ասաց Միրզոյանը։

Խորհրդի նիստը նախատեսված է այսօր` ժամը 12։00-ին։

Միրզոյանը հայտնեց, որ նիստում քննարկվելու է այսօր արտահերթ նիստ գումարելու միջնորդությունը։

«Համենայն դեպս բոլորին խնդրում են մնալ ԱԺ–ի շենքում»,– ասաց Միրզոյանը։

Նիստն այսքանով հայտարարվեց փակված։ Դահլիճում զսպված ծիծաղներ լսվեցին, ու աղմուկ բարձրացավ։

Մտահոգիչ է Հայաստանի ՍԴ-ի շուրջ ձևավորված կոնֆլիկտը. Վենետիկի հանձնաժողովի նախագահ

Հիշեցնենք` ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր 2 հարց` «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և  «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը և  «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը»։

Վերջինով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին  փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ` մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:

Նույն հոդվածը նախատեսում է նաև նրանց թափուր մնացած տեղերի լրացման կարգը։ Նոր թեկնածուներին պետք է հաջորդաբար առաջադրեն կառավարությունը, հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը:

Կարող է ձևավորվել նոր Սահմանադրական դատարան. նախարարը չի բացառում

«Սույն փոփոխություններով հոդվածի 1-ին մասի հիման վրա առաջացած թափուր տեղերը համալրելու ընթացակարգը և ժամկետները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգով, որոնք պետք է ընդունվեն և ուժի մեջ մտնեն մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը»,– նշված էր նախագծում։

Նախագիծն ընդունվելու դեպքում փոփոխությունն ուժի մեջ պետք է մտնեին պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ընդ որում` օրակարգի մնացած նախագծերով առաջարկվում էր, որ ընդունվելու դեպքում նոր դրույթը օրենքի ուժ պետք է ստանար առանց ՀՀ նախագահի կողմից ստորագրվելու ու առանց ՀՀ ՍԴ կողմից սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու օրենսդրական պահանջները, քանի որ առաջարկվող փոփոխությունները հենց այդ կարգավորումն էին նախատեսում։

Հրայր Թովմասյանը չի կարող ՍԴ նախագահ լինել. Փաշինյան