ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Հայաստանի երկու մարզերի՝ Լոռու և Սյունիքի տարբեր բնակավայրերում (Ստեփանավան, Վանաձոր, Կապան, Սիսիան հարակից համայնքներ) վերջին օրերին գրանցվել են բնակիչների թունավորման դեպքեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
«Հունվարի 27-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում մարզկենտրոնների բժշկական հաստատություններ է դիմել 49 քաղաքացի՝ սննդային թունավորում ախտորոշմամբ: Տուժածների մեծ մասն արդեն դուրս է գրվել»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ահազանգը ստանալուց հետո ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կառույցների մասնագետները ձեռնարկել են վերահսկողական գործողություններ:
Մասնավորապես, հիվանդանոց դիմած քաղաքացիների հետ զրույցներից պարզվել է, որ բոլորի մոտ թունավորման ախտանշաններն ի հայտ են եկել էկլեր օգտագործելու հետևանքով։ Պարզվել է` բոլորն էլ կերել են «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ արտադրության «էկլեր ջնարակապատ»: Միջոցներ են ձեռնարկվել իրացման ցանցում այն հայտնաբերելու ուղղությամբ:
Քիչ համբուրվեք. Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում ազատ մահճակալ գրեթե չկա
Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել նաև «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ արտադրությունում: Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ չեն արձանագրվել, սակայն պարզվել է, որ «Էկլեր ջնարակապատ» արտադրատեսակը չի անցել համապատասխանության գնահատում և չունի անվտանգության հայտարարագիր։
«Զեյթուն Սվիթ» ՍՊԸ-ին տրվել է կարգադրագիր «Արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին» և սահմանվել ժամկետ թերությունը շտկելու համար։
Ճամբարակի «Արաքս» հանդիսության սրահում 9 մարդ թունավորվել է շմոլ գազից
Կատարվել է նաև նմուշառում առկա հումքից՝ ձու, կարագ, սփրեդ, ինչպես նաև պատրաստի արտադրանքից` ջնարակապատ էկլերից:
Լաբորատոր փորձաքննության արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես: