Նորքի տուն-ինտերնատի բնակիչներն իրենց «Մոռացված հեքիաթը» «պատմեցին» թատրոնի բեմում

Պատկառելի տարիքի «դերասաններն» արդեն ընկերացել են ու իրենց կյանքը չեն պատկերացնում առանց թատրոնի և միմյանց։
Sputnik

Նորքի տուն-ինտերնատի բնակիչները տևական ժամանակ է` հետաքրքիր զբաղմունք են գտել։ Նրանք արձագանքել են բեմադրիչ Գառնիկ Սեյրանյանի խնդրանքին և ձևավորել «Տարմանի» թատերախումբը։ Հովհաննես Թումանյանի հեքիաթներով «գործված» առաջին ներկայացումը, որն ունի սիմվոլիկ «Մոռացված հեքիաթ» խորագիրը, փետրվարի 4-ին նրանք ներկայացրին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում։

Քանի՞ երեխա է պետք ունենալ հեշտ կյանք ու հարգված ծերություն ունենալու համար

Ներկայացումից առաջ արտիստներն իրենց տպավորությունները պատմեցին Sputnik Արմենիայի թղթակցին։ Պարզվեց` տատիկները բեմ բարձրանալուց առաջ հիմնականում չեն հուզվում, իսկ պապիկները հուզվում են, ընդ որում` որքան ավելի շատ են խաղում, այնքան ավելի շատ են հուզվում: Թատերախմբի անդամների մեծ մասը երբեք չի մտածել, որ երբևէ բեմ կբարձրանա, բայց բոլորին դուր է եկել դերասանական գործունեությունը։ Բեմ դուրս գալուց առաջ 78-ամյա Լիգիա Խաչատրյանի ճնշումը նույնիսկ կարգավորվում է, իսկ Արարատ Բաղդասարյանն ուզում է մինչև իր կյանքի վերջին օրը խաղալ բեմում։

«Մենք արդեն չենք պատկերացնում, թե ինչպես կարելի է ապրել առանց թատրոնի և միմյանց», – խոստովանեց Հակոբ Քյոռօղլյանը, որը Հայաստան է եկել Սիրիայից:

Իր կյանքն առանց այս դերասանների չի պատկերացնում նաև բեմադրիչ Սեյրանյանը։ Ներկայացումից առաջ նա թատերախմբի հետ փակվեց կուլիսներում գտնվող սենյակում և ինչ-որ բան ասաց, որից հետո նրանք միմյանց ձեռք բռնեցին ու մի քանի վայրկյան անց սկսեցին հերթով բեմ դուրս գալ:

Վարագույրը բարձրացավ, դահլիճը բուռն ծափահարություններով դիմավորեց նրանց։

Մի կտոր ջերմություն` «նորաձև» ծառերից. բարեգործական ակցիան տաքացրել է տասնյակ մարդկանց