Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Չինաստանի նախագահին և վարչապետին

ՀՀ կառավարության ղեկավարը Չինաստանի բարեկամ ժողովրդին համբերություն ու ոգու տոկունություն է մաղթել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Կեցյանին՝ կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Հայաստանում մարդկանց մոտ խուճապ կա. որ դեպքում են կորոնավիրուսի ախտորոշման թեստ անցկացնում

«Չինաստանի համար դժվարին այս պահին հայ ժողովրդի և անձամբ իմ անունից թույլ տվեք խորին ցավակցություն ու զորակցություն հայտնել Ձեզ և բարեկամ չինացի ժողովրդին կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ, որն արդեն իսկ պատճառ է հանդիսացել հարյուրավոր մարդկային զոհերի»,– ասված է ՉԺՀ նախագահին ուղղված ցավակցական հեռագրում։

ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ Չինաստանն իր բազմադարյա պատմության ընթացքում դիմակայել է բազմաթիվ մարտահրավերների ու փորձությունների և միշտ պատվով հաղթահարել դրանք: «Վստահ ենք, որ այս անգամ նույնպես, Ձեր իմաստուն և հեռատես ղեկավարման ներքո, Չինաստանին կհաջողվի հաղթահարել այս աղետի ծանր հետևանքները և վերականգնել երկրի խաղաղ ու ապահով մթնոլորտը»,–գրել է Փաշինյանը:

Կորոնավիրուսի ախտորոշիչ թեստերն ավելանում են. Հայաստանն ԱՀԿ–ից ևս 200-ը կստանա

Չինաստանի վարչապետին ուղղված ցավակցական հեռագրում նշված է ՀՀ վարչապետը նշել է, որ համոզված է` նրա ղեկավարության ներքո Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները թույլ կտան հաղթահարել այս աղետի ծանր հետևանքները և վերականգնել երկրի բնականոն ընթացքը:

Վերջում ՀՀ կառավարության ղեկավարը չինացի բարեկամ ժողովրդին համբերություն ու ոգու տոկունություն է մաղթել։

Հիշեցնենք, որ փետրվարի 4–ի տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 հազար 438  մարդու, 425–ը մահացել են։ Մեկ օր առաջ պաշտոնապես հայտարարվել էր 17 205  հիվանդների և 361 մահացածների մասին։