Ինչպես չինացին Հայաստան եկավ «չինական» վիրուսից մեկ ամիս առաջ ու սիրահարվեց մեր երկրին

Յանգմինգ Ֆանգը երեք ամիս է` Երևանում է ապրում։ Նա համոզված է, որ կորոնավիրուսը երկար չի գոյատևի և դրա «վախճանը» կարձանագրվի այս ամառ։
Sputnik

Ժաննա Պողոսյան, Sputnik  Արմենիա

«Բարև ձեզ, ո՞նց եք»,– ինձ հանդիպելով` ասում է ասիացուն բնորոշ նեղ աչքերով, բարեհամբույր երիտասարդը։ Անցորդները, ասիական արտաքինով մարդու շուրթերից հայերեն խոսքը լսելով, զարմացած հետ են նայում։

Յանգմինգ Ֆանգը 24 տարեկան է, Հայաստանում է ապրում ավելի քան երեք ամիս, սակայն հայոց լեզվով, գրականությամբ և պատմությամբ հետաքրքրվում է շուրջ 7 տարի։ Անկախ նրանից, որ Յանգմինգը հայերենին բավական լավ է տիրապետում` հանգիստ կարդում է և նույնիսկ գրում, բայց խնդրում է, որ հարցազրույցն անգլերեն վարեմ։

«Հանկարծ ու ինչ-որ կարևոր բան այնպես չասեմ»,- ասում է նա։

Իսկ մեր զրույցի թեման իսկապես կարևոր է` մահացու կորոնավիրուսի բռնկումը Ֆանգի հայրենիքում։ Նա Հայաստան է ժամանել աշնան կեսերից` հայտնի իրադարձություններից մեկ ամիս առաջ։

«Առաջին անգամ վիրուսի մասին կարդացել եմ Facebook–ում։ Սկզբում դա ինձ որևէ կերպ չմտահոգեց։ Հիմա արդեն ամեն օր խոսում եմ ծնողներիս հետ, հետևում լրատվական կայքերին։ Իմ հարազատ քաղաքում` Գուանչժոուում (Չինաստանի` մեծությամբ երրորդ քաղաքը), ինչպես և ամբողջ երկրում, փակ են բոլոր դպրոցները, համալսարանները, շատ քիչ ընկերություններ և խանութներ են աշխատում։ Հայրս այս պահին աշխատանքի չի գնում, իսկ մայրս միայն երեկ է աշխատանքի դուրս եկել. բանկում է աշխատում։ Մարդիկ աշխատում են տնից դուրս չգալ, եթե շատ կարևոր գործեր չունեն», – պատմում է Ֆանգը։

Գուանչժոուն բավական հեռու է համաճարակի էպիկենտրոնից` Ուհան քաղաքից, սակայն այնտեղ էլ այս վիրուսով վարակվել ու հիվանդանոց է տեղափոխվել ավելի քան 100 մարդ։

«Հաշվի առնելով, որ քաղաքի բնակչությունը 14 մլն է, սա այնքան էլ մեծ թիվ չէ»,- ասում է Ֆանգը։ Վարակվածներից մեկը Ֆանգի ծանոթն է, սակայն նրա, ինչպես և մյուս հիվանդների հետ այս պահին չի կարող կապ հաստատել. նրանք մեկուսացված են հասարակությունից։

«Ի տարբերություն Ուհանի, Գուանչժոուի բնակիչները կարող են լքել քաղաքն ու երկիրը։ Սակայն իմ մտերիմները նման բան չեն ծրագրում։ Նրանք քաջ գիտակցում են, որ կորոնավիրուսի բուժումը Չինաստանի կառավարության պարտավորությունն է։ Հայաստանը, օրինակ, օրերս փակել է Չինաստանի հետ սահմանը, ինչը ճիշտ որոշում է։ Բնականաբար, մարդիկ վախենալու են Չինաստանից և չինացիներից. ոչ ոք չի ուզում հիվանդանալ և մահանալ։ Այդ ամենը շատ տխուր է ինձ համար, բայց բնական», – նշում է Ֆանգը։

Ինչպես չինացին Հայաստան եկավ «չինական» վիրուսից մեկ ամիս առաջ ու սիրահարվեց մեր երկրին

Կանխատեսումների համաձայն` կորոնավիրուսը վերջնականապես «կվերանա» այս ամռանը։ 2003 թվականին Չինաստանը դարձյալ պայքարում էր այս վիրուսի դեմ, որը SARS էր կոչվում։ Այդ ժամանակ ևս շատ մարդ մահացավ, սակայն վիրուսը մինչև աշուն «չապրեց»։

Կորոնավիրուսը մերձեցնում է. հայ աղջիկները`չինացիների նրբանկատության մասին

Ֆանգը կարծում է, որ Չինաստանում զբոսաշրջության ու չինացիների նկատմամբ վերաբերմունքի դրսևորումն ավելի վատ է։

«Եվս երեք տարի մարդիկ դեռ վախենալու են Չինաստան գնալ, ինչը լուրջ հարված կհասցնի զբոսաշրջությանը։ Դեռ երկար ժամանակ մարդիկ մտավախությամբ կվերաբերվեն չինացիներին, քանի որ տևական ժամանակ Չինաստանի և չինացիների մասին առաջին տպավորությունը կապված կլինի մահացու վիրուսի հետ», – ցավով եզրակացրեց չինացին։

Յանգմինգ Ֆանգը Երևանի պետական համալսարանի ուսանող է։ Շուրջ կես տարի նա մեր երկրում նախապատրաստական դասընթացների կհաճախի, որպեսզի 2020 թվականի սեպտեմբերից սկսի սովորել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայում։

Ֆանգը սիրահարվել է Հայաստանին, մոտ 7 տարի առաջ հայկական գրականության միջոցով, և շատ շուտով իրականություն կդառնա նրա` հայերեն գրքերն օր ու գիշեր կարդալու երազանքը։

Ո՞ր դեպքում ՀՀ քաղաքացիները Չինաստանից Հայաստան կտեղափոխվեն. պարզաբանում է ԱԳՆ-ն

«Առաջին անգամ Հայաստանի մասին լսել եմ, երբ ընկերս առաջարկեց չինարեն կարդալ «Սասունցի Դավիթը»։ Դրանից հետո սկսեցի հետաքրքրվել Հայաստանով, հայկական մշակույթով ու պատմությամբ։ Երբ իմացա հայ ժողովրդի` դարերի պատմություն ունեցող գրականության մասին, որը մինչև օրս կիրառվում է, ցանկություն առաջացավ սովորել հայոց լեզուն։ Համացանցով բոլորովին նոր լեզու սովորելը շատ դժվար է։ Սակայն այսօր արդեն հանգիստ խոսում եմ հայերեն, գրում եմ ու կարդում։ Կարդացածս  գրքերից ամենաշատն ինձ դուր են եկել Գարեգին Նժդեհի ստեղծագործությունները։ Շատ եմ ուզում Սյունիք այցելել, որի համար նա պայքարում էր և որտեղ գտնվում է նրա գերեզմանը», – ոգևորված ասում է ուսանողը։

Նազենի Հովհաննիսյանը դիմակով լուսանկար է հրապարակել, որն աղերս չունի գեղեցկության հետ

Սյունիքից բացի ուսանողը երազում է նաև Արցախը տեսնել։ Նա ղարաբաղցիներին հանդիպել է Երևանում և նրանց հետ զրույցի ժամանակ ոչ մի բառ չի հասկացել։ Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ ղարաբաղցիների բարբառը նույնիսկ երևանցիները չեն հասկանում, այնպես որ ամոթալի ոչինչ չկա։

Ինչպես չինացին Հայաստան եկավ «չինական» վիրուսից մեկ ամիս առաջ ու սիրահարվեց մեր երկրին

Մայրաքաղաքում ապրող հայերի հետ Ֆանգը շփվում է առանց որևէ խոչընդոտի։

«Տաքսու մեջ վարորդի հետ սկսում եմ հայերեն խոսել, որպեսզի անհարմար լարվածությունից ձերբազատվեմ։ Այդպես նրանք իմանում են, որ վաղուց եմ Հայաստանում ապրում և չեմ կարող վիրուսակիր լինել»,– ժպտում է Ֆանգը։

Եթե հայերից շատերը Հայաստանում չեն կարողանում աշխատանք գտնել, ապա Ֆանգը երեքն ունի։ ԵՊՀ–ում սովորելուց բացի նա չինարեն է դասավանդում Արարատի մարզի Զորակ գյուղի միջնակարգ, Արմավիրի մարզի Վաղարշապատի ավագ դպրոցներում և Երևանի` արևելյան լեզուների ուսումնասիրման «Մանդարին» կենտրոնում։

Չինաստանից ՀՀ քաղաքացի է տեղափոխվել Ղազախստան. ԱԳՆ

Ֆանգն առայժմ ուրիշ պլաններ չունի, միայն գիտի, որ առնվազն երկու տարի Հայաստանում է ապրելու և զբաղվելու է սիրած գրականության ուսումնասիրությամբ։ Ֆանգը կատակում է` չի բացառվում, որ Հայաստանի դպրոցներում մի օր ոչ թե չինարեն, այլ հայերեն դասավանդի։