ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Մարտին Իտալիայից Հայաստան կգա շարժական մամոգրաֆիայի կենտրոնը։ Տեղեկությունը` նկարին կից իր Facebook-ի էջում հրապարակել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում ներկայացնում եմ հենց այս պահին Իտալիայում կոմպլեկտավորվող շարժական մամոգրաֆիայի կենտրոնը, որը Հայաստանում կլինի մարտ ամսին և առաջին կանգառը կունենա Լոռու մարզում»,–գրել է նախարարը։
Թորոսյանը նշել է, որ կրծքագեղձի մամոգրաֆիկ սկրինինգային ծրագիրն իրականացվելու է Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում` 50-69 տարեկան կանանց շրջանում։ Ծրագրին իրականցվում է Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում։
«Նաև ավելացնեմ, որ այս տարի սկսում ենք կրծքագեղձի քաղցկեղի թիրախային դեղամիջոցով (Հերցեպտին) բուժման ազգային ծրագիրը պետական բյուջեի միջոցների հաշվին՝ ծախսելով տարեկան մոտ 250 մլն դրամ»,–հավելել է նախարարը։
Հիշեցնենք` կրծքագեղձի քաղցկեղը զբաղեցնում է առաջին տեղը կանանց մոտ առաջացող քաղցկեղների շրջանում, Հայաստանում տարեկան ախտորոշվում է 1000-ից ավել նոր դեպք։