ՌԱԴԻՈ

Ղազարյան. «Բուքիքիոյի կարծիքը խորհրդատվական է, բայց դրա հետ պետք է հաշվի նստել»

Փաստաբան Արա Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությանը, որում նա մտահոգություն է հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Sputnik
Ղազարյան. «Բուքիքիոյի կարծիքը խորհրդատվական է, բայց դրա հետ պետք է հաշվի նստել»

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունը պաշտոնական փաստաթուղթ չէ, սակայն հեղինակավոր մարմնի ղեկավարի կարծիք է: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Արա Ղազարյանը` անդրադառնալով ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությանը։ 

«Դա նշանակում է, որ վաղ թե ուշ նման կարծիք կարտահայտվի նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից: Մեծ հաշվով` դա կլինի խորհրդատվական կարծիք, բայց որի հետ այսպես թե այնպես` պետք է հաշվի նստել»,- նշում է փաստաբանը: 

Արա Ղազարյանի կարծիքով՝ այս ամենը տանում է նրան, որ Վենետիկի հանձնաժողովը կարող է դիմել ԵԽԽՎ-ին, որպեսզի այդ հարցով անցկացվեն լսումներ, բայց մինչ այդ մեր կառավարության հետ կարող են սկսվել ինչ-ինչ կոնսուլտացիաներ, ինչպես արդեն եղել է 2002, 2004, 2008 թվականներին, երբ հարաբերությունները կրկին լարված էին: 

Ղազարյանն ասում է, որ այն տարիներին տեղի են ունեցել քաղաքական, կիսաքաղաքական կոնսուլտացիաներ, և լարվածությունը թոթափվել է: Նրա կարծքով` հիմա էլ է նման գործընթաց սկսվում։

Հրայր Թովմասյանն արձագանքել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությանը

Անդրադառնալով նույն թեմայով ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությանը՝ Արա Ղազարյանը շեշտում է, որ այդ ամենը փոխկապակցված է: Սովորաբար նշանակվում են զեկուցողներ, ովքեր տվյալ երկրի վերաբերյալ պատրաստում են զեկույց ու ներկայացնում միջազգային հանրությանը՝ մատնանշելով հատկապես ԵԽԽՎ-ի առջև տվյալ պետության ստանձնած պարտավորությունները: Զեկույցին հետևում են տարբեր մարմինների հայտարարությունները, կամ կառավարության հետ սկսվում է երկխոսություն: 

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյին

«Սա, ինչ-խոսք, մտահոգիչ է, սակայն Հայաստանն առաջին անգամ չէ, որ հայտնվում է նման իրավիճակի առջև. սա արդեն չորրորդ դեպքն է, ինչի պատճառով Հայաստանը շարունակում է մնալ Եվրոպայի խորհրդի մոնիթորինգի տակ»,- նշում է փաստաբանը: 

Ղազարյանի կարծիքով՝ նախկինում ձեռք բերված ինչ-որ պայմանավորվածություն չի աշխատել և փաստ է, որ այդ մասին իր մտահոգությունն է հայտնում Վենետիկի հանձնաժողովի նախագահը: Խոսքը վերաբերում է ՍԴ դատավորների վերաբերյալ անհանդուրժողականության կոչերին: Եվրոպական կառույցում տեսնում են, որ պրոբլեմը շարունակվում է մեր երկրում, ուստի բարձրաձայնում են, ինչը մտնում է նրանց գործառույթների մեջ:

Հիշեցնենք` Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն խոսել էր Հայաստանում ստեղծված Սահմանադրական ճգնաժամի մասին, նշել, որ կիսում է ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողների մտահոգությունները կառավարություն-ՍԴ լարվածության վերաբերյալ:   

ԵԽԽՎ Հայաստանի համազեկուցողներն իրենց հերթին նշել էին, որ քաղաքական գործիչները պետք է զերծ մնան այպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատական համակարգի վրա ճնշման գործադրում:

Հրայր Թովմասյանը զրուցել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ