ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. «Ադեկվադ» միաբանության անդամներն այսօր ՀՀ նախագահի նստավայրի մոտ էին հավաքվել` նավթի տակառներ տանելով նախագահական նստավայր։ Նրանք ասում էին, որ նավթի տակառներն ուզում են նվիրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։
«Բաց աղբյուրներից մեզ հայտնի է դարձել, որ ՀՀ նախագահ և Մեծ Բրիտանիայի քաղաքացի Արմեն Սարգսյանը փայ ունի Ադրբեջանի գազային և նավթային ենթակառուցվածքներում։ Ըստ էության, այդ մարդու անձնական ֆինանսական շահերը բախվում են հայկական պետությունների ազգային անվտանգության շահերին»,–ասաց «Ադեկվադի» ղեկավար Արթուր Դանիելյանը։
Նրա խոսքով` իրենք նավթի տակառները նվիրում են նախագահին, որպեսզի նա հրաժարվի ադրբեջանական գազային և նավթային ենթակառուցվածքների անվտանգությունը սպասարկելուց։ Դանիելյանը հայտնեց, որ պատրաստ են նախագահին փոխհատուցել կանխիկ գումարով կամ էլ նավթամթերքով։
Մալյանն ազատ արձակվեց. նա ասաց` տեղյակ է, թե ինչ է պահանջել Լարիսա Մինասյանը վարչապետից
Նշենք, որ միաբանության անդամները նախագահականի ընդունարանում նամակ գրեցին` տեղեկացնելով, որ նրան ծանրոց ունեն հանձնելու (խմբ.` նկատի ունեն նավթի տակառները)։
Ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ մեկ ամիս կսպասեն նամակի պատասխանին, որից հետո հանդես կգան նոր ակցիաներով։
Հիշեցնենք` հունվարի 28-ին Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները Երևանի կենտրոնական փողոցներից բերման էին ենթարկել Արթուր Դանիելյանին։ Նա ձերբակալվել էր թմրանյութ պահելու կասկածանքով։ Ավելի ուշ նրան ազատ էին արձակել։