ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Գյումրիում «Գլենդել Հիլզ» կազմակերպության իրականացրած շինարարության ընթացքում գրանցվել են չարաշահումներ: Շիրակի մարզի դատախազությունը քրեական գործ է հարուցել: Տեղեկությունն այսօր կայացած ասուլիսի ժամանակ լրագրողներին հատնեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։
Դատախազի տեղեկացմամբ` խոսքն ավելի քան 200 մլն դրամի չարաշահումների մասին է:
«Քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում: Հարուցվել է մոտ 20 օր առաջ, և այդ գործով արդեն իսկ հարցաքննվել են բազմաթիվ անձինք, այդ թվում նաև այն անձը, որը հեռուստատեսությամբ հայտնել էր այդ բնույթի չարաշահման մասին։ Մենք համապատասխան գերատեսչություններից պահանջել ենք համապատասխան փաստաթղթեր»,-նշեց Գաբրիելյանը:
Հայտարարության համաձայն` գումարն ավելի շատ է, քան 200 մլն դրամը, սակայն, ըստ դատախազի, նախնական տվյալները վկայում են 200 մլն մասին:
«Քննությամբ կպարզենք` եթե խոսքը 200 մլն-ից ավելի գումարի մասին է, մենք գնահատական կտանք 200 մլն դրամից ավելի գումարի յուրացումների կամ այլ հանցավոր դրսևորումների մասով»,–ասաց Գաբրիելյանը:
Սերժ Սարգսյանի եղբորորդու կալանավորման որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարանում
Լրագրողների հարցին, թե այս գործով հարցաքննվելու՞ է արդյոք ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը, հաշվի առնելով, որ «Գլենդել Հիլզը», ըստ որոշ տեղեկությունների, պատկանում է վերջինիս, Շիրակի մարզի դատախազը նշեց, որ անհրաժեշտության դեպքում բոլորը հարցաքննվելու են, այդ թվում նաև` Սերժ Սարգսյանի եղբայրը: «Գործի քննության ընթացքում, եթե պարզվի, որ որևէ մեկը թույլ է տվել չարաշահումներ՝ կառաջադրվի մեղադրանք, կապ չունի, թե ում եղբայրն է»,- նշեց Կարեն Գաբրիելյանը:
«Սաշիկն այդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն է». Փաշինյան
Հիշեցնենք, որ 2019թ–ին Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ։ Նա մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ։
Քրեական գործով մեղադրյալ Ալեքսանդր Սարգսյանն իր կամքով 9 506 000 000 ՀՀ դրամին համարժեք 19 600 000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին։