ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. 2018-ի համեմատությամբ 2019 թվականին մարզում հանցագործությունների թիվն ավելացել է 113-ով՝ 1422 դեպք` 2018թ.-ի 1309-ի փոխարեն: Հիմնականում աճել է միջին ծանրության հանցագործությունների թիվը: Վիճակագրությունը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։
Շիրակի մարզում չկա մի ոլորտ, որ վատ վիճակում չլինի. Sputnik–ի հյուրը Շիրակի փոխմարզպետն է
Նա նշեց, որ անցած տարին աչքի է ընկել ավտոմեքենաներից կատարված գողությունների մեծ թվով: Դատախազը սա պայմանավորեց 2019-ին ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը Գյումրի տեղափոխելու հետ: Գողության դեպքեր են արձանագրվել նաև քաղաքային տրանսպորտում:
«Ձեռագիրը նույնն է, դեպքերն էլ հիմնականում նույն տարածքում են արձանագրվում` կենտրոնական շուկայի հատվածում: Սա վկայում է, որ հանցագործությունը կատարվում է նույն անձի կամ անձանց կողմից»,–ասաց դատախազը:
2019-ին Շիրակի մարզում արձանագրվել է սպանության 2 և սպանության փորձի 3 դեպք, որոնք բացահայտվել են։ Մի դեպքում մայրը սպանել է երեխային, մյուս դեպքում՝ որդին՝ մորը:
Դատախազի միջնորդագրով Գյումրիում գիշերային ակումբներից մեկը փակվել է, մեկի աշխատանքը՝ սահմանափակվել, երրորդի մասով էլ քրեական գործ է հարուցվել։ Շիրակի մարզի դատախազն ամփոփել է անցած տարի արձանագրված դեպքերը:
Անցյալ տարի կոռուպցիոն բնույթի 189 նյութ է պատրաստվել, որոնցից 138-ով հարուցվել է քրեական գործ:
Կաշառք ստանալու, կաշառք տալու դեպքերով 107 քրեական գործ է հարուցված: Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են արձանագրվել կրթության ոլորտում, սոցիալական ծառայություններում, բժշկական հիմնարկներում, «Արփի լիճ» ազգային պարկում, տարբեր համայնքներում:
Հատուկ միջոցառում Շիրակի մարզում․ բերման են ենթարկվել քրեական ենթամշակույթ կրող անձինք
2019 թվականին Շիրակի մարզում նվազել են անչափահասների կատարած հանցագործությունների դեպքերը (14 դեպք, որ իրականացրել է 12 անչափահաս), հիմնականում՝ ծեծ, միջանձնային հարաբերությունների պարզաբանումներ, գողություն:
Արձանագրվել է նաև անչափահասի կողմից ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեկ դեպք: Ընտանեկան բռնության 9 դեպք է արձանագրվել: 7 գործ արդեն ուղարկվել է դատարան:
Քրեական ենթամշակույթին հարող անձինք ևս դատախազության ուշադրության կենտրոնում են: Նրանց դեմ պայքարն, ըստ Գաբրիելյանի, անզիջում է լինելու:
«Կա՛մ նման անձինք հրաժարվելու են այդ մշակույթը կրելուց, կա՛մ հայտնվելու են քրեակատարողական հիմնարկներում: Ես դա խոստանում եմ»,- ասաց Գաբրիելյանը:
Դիտարկմանը, թե Գյումրիում քրեական ենթամշակույթին հարողները ոչ թե անհատներ են, այլ գերդաստաններ, արդյո՞ք նրանց դեմ հնարավոր կլինի պայքարել, դատախազն ասաց՝ այո: «Կգնան, գերդաստաններով էլ կնստեն»:
Հիշեցնենք` Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօրվա ամփոփիչ ասուլիսում հայտարարել էր նաև, որ Շիրակի մարզի դատախազությունը պատրաստվում է հարցաքննության հրավիրել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:
Բացի դրանից, մարզի դատախազն ասել էր, որ Գյումրիում «Գլենդել Հիլզ» կազմակերպության իրականացրած շինարարության ընթացքում գրանցվել են չարաշահումներ: Խոսքն ավելի քան 200 մլն դրամի չարաշահումների մասին է:
Լրագրողների հարցին, թե այս գործով հարցաքննվելո՞ւ է արդյոք ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը, հաշվի առնելով, որ «Գլենդել Հիլզը», ըստ որոշ տեղեկությունների, պատկանում է վերջինիս՝ Շիրակի մարզի դատախազը նշել էր, որ անհրաժեշտության դեպքում բոլորը հարցաքննվելու են, այդ թվում նաև` Սերժ Սարգսյանի եղբայրը: