ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Ռուսական ORSIS ընկերության կողմից Հայաստանի պաշտպանության նախարարությանը նվիրած հրացանը գրանցվել է փոխնախարար Մակար Ղամբարյանի անունով: Տեղեկությունը Sputnik Արմենիային հաղորդեց ընկերության շահերը ներկայացնող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը` մեկնաբանելով Հատուկ քննչական ծառայությունում հարուցված նոր քրեական գործը։
Փետրվարի 3–ին հայտնի է դարձել, որ Հատուկ քննչական ծառայությունը նոր քրգործ է հարուցել ռուսական ORSIS ընկերության կողմից Հայաստան զենք առաքելու տենդերը տապալելու գործի շրջանակում։
««Marocchi SI 12» հրացանը ՊՆ–ին նվիրել են անցած տարվա սկզբին։ Երբ տարեվերջին ստուգել են հաշվապահությունը, թե ինչն է վաճառվել, նվիրվել, ինչը որտեղ է (զենքերը խիստ հաշվառման տակ են), պարզվել է, որ այն գրանցված է ոչ թե նախարարության վրա, այլ փոխնախարար Մակար Ղամբարյանի անունով», – ասաց Սիրունյանը։
Փաստաբանի խոսքով` Ղամբարյանի օգնականը մի քանի անգամ առաջարկել է հրաժարվել ՊՆ–ի դեմ բողոքներից` ասելով, որ այդ դեպքում գերատեսչությունը կգնա հաշտությունների, ամեն ինչ կզրոյացնեն, կրկին կլինի «թավշյա» համագործակցություն։
Սիրունյանը հաղորդեց նաև, որ քրեական գործը միավորել են արդեն գոյություն ունեցող գործի հետ։
ՌԴ–ից Հայաստան զենք առաքելու տենդերը ձախողելու առնչությամբ նոր քրգործ է հարուցվել
Նշենք, որ ռուսական ORSIS («Պրոմտեխնոլոգիա») ընկերության պաշտոնական ներկայացուցիչն ավելի վաղ ասել էր, որ Հայաստան ռազմական տեխնիկա առաքելու ձախողված տենդերի հետ կապված որոշակի առաջընթաց է տեսնում։ Նա նշել էր, որ տենդերի ձախողման մեղավորները դեռ պատասխանատվության չեն ենթարկվել։ Ընկերության ներկայացուցչի խոսքով` իրենց լուրեր են հասել, որ ՊՆ կոնկրետ պաշտոնյաներ յուրացրել են ORSIS–ի` պաշտպանության նախարարությանը նվիրած նմուշները։
Դեկտեմբերի վերջին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, վստահեցրել էր, որ Հայաստանը կշարունակի զենք գնել ORSIS ընկերությունից։
Հիշեցնենք, որ խնդիրները ծագել էին բազմամիլիոնանոց զենքի առաքման տենդերի պատճառով, որը պետք է տեղի ունենար այս ամառ։ Հայաստանի ՊՆ–ն չեղարկել էր ORSIS ընկերության հայտը` բանկային երաշխիքները չվճարելու հիման վրա։ Իսկ Հայաստանի Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի» փաստով։ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին խնդրել էր պարզաբանել զենքի տենդերի ձախողման շուրջ ստեղծված իրավիճակը։
ORSIS–ում առաջընթաց են տեսնում Հայաստան զենք առաքելու ձախողված տենդերի հարցում
ORSIS ընկերությունն ընդգրկված է «Պրոմտեխնոլոգիա» խմբում և զբաղվում է հրազենի, փամփուշտների ու հատուկ օպտիկայի արտադրությամբ ու մատակարարմամբ։ Տարիներ շարունակ ընկերությունը զենք, փամփուշտներ ու օպտիկա է մատակարարել, իսկ հետո հայտնվել էր Հայաստանի ԶՈւ–ի մատակարարների «սև ցուցակում»։