ԱՄՆ–ում մահացել է քանդակագործ Արամ Գրիգորյանը

Արամ Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի կունենա Հայաստանում։ Քանդակագործի կինը և որդին զբաղվում են նրան Հայաստան տեղափոխելու հարցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. ԱՄՆ–ում 63 տարեկանում մահացել է Նովոսիբիրսկում հայտնի քանդակագործ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի անդամ Արամ Գրիգորյանը: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Նովոսիբիրսկի շրջանի հայերի ազգային–մշակութային ինքնավարության ներկայացուցիչը։

Գևորգ և Գոհար Վարդանյանների սառցե քանդակը կտեղադրվի Մոսկվայի Պոկլոննայա լեռան վրա

«Արամ Գրիգորյանը մահացել է երեկ ԱՄՆ–ում` հիվանդանոցում։ Նրան պետք է վիրահատեին, բայց սիրտը չի դիմացել», – ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով` քանդակագործի հուղարկավորությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Հայաստանում` նրան տեղափոխելուց մեկ շաբաթ անց։ Քանդակագործի կինը և որդին այժմ զբաղվում են այդ հարցերով։

Արամ Գրիգորյանը բազմաթիվ քանդակների հեղինակ է։ 2000թ–ին Նովոսիբիրսկի Մայիսմեկյան պուրակում նրա ղեկավարությամբ տեղադրվել է հուշարձան` ի պատիվ Քրիստոսի ծննդյան 2000–ամյակի, որը խորհրդանշում է հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը։ 2008թ–ին Նովոսիբիրսկի 115–ամյակի առթիվ Գրիգորյանը ստեղծել է ճարտարապետ Անդրեյ Կրյաչկովի հուշարձանը։

Հյուսիսային պողոտայում կտեղադրվի Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը

2010թ–ին Գրիգորյանը համացանցում հրապարակել է տեսահոլովակների շարք «Ավազակային Նովոսիբիրսկ» անվանումով։ Դրանցում քանդակագործը պատմել է քաղաքում պաշտոնյաների կամայականությունների մասին։ Այդ հոլովակների շնորհիվ նա սկանդալային հայտնիություն է ձեռք բերել։ 2011թ–ի մայիսի վերջին Գրիգորյանի վրա հարձակվել են. երկու անհայտ անձինք ծեծել են նրան իր տան բակում, երբ նա աշխատանքի էր գնում։ Քանդակագործը վստահ է եղել, որ իրեն ուզել են սպանել։