Թուրքիայում չհաջողվեց, կհաջողվի Հայաստանում. Ֆրանսիայի չեմպիոնը կխաղա մեր չեմպիոնի կազմում

33- ամյա ֆրանսիացի Յոհան Գուֆրանը, որը 2009 թվականին «Բորդոյի» կազմում նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը և երկար տարիներ խաղացել է Անգլիական Պրեմիեր լիգայի «Նյուքասլ» թիմում, հիմա հանդես է գալու Հայաստանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Ֆրանսիացի հարձակողական ոճի հայտնի կիսապաշտպան Յոհան Գուֆրանը պայմանագիր է կնքել ֆուտբոլի Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ։ Տեղեկությունը հաղորդում է ֆրանսիական սպորտային հայտնի պարբերականը՝ «Էկիպը»։

Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Հոֆենհայմի»` ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Յոհան Գուֆրանն առաջին անգամ մասնագետներին հետաքրքրեց 2008 թվականին, երբ Ֆրանսիայի առաջնությունում խաղում էր «Կանի» կազմում: Տեղափոխվելով «Բորդո»` ֆուտբոլիստը մեկ տարի անց թիմի կազմում նվաճեց Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը: Նրա նկատմամբ սկսեցին հետաքրքրություն դրսևորել անգլիական թիմերն ու մասնավորապես «Արսենալը»: Բայց 2013 թվականին Գուֆրանը պայմանագիր ստորագրեց անգլիական «Նյուքասլի» հետ, որի կազմում չորս տարի հանդես գալով անցկացրեց 141 խաղ ու դարձավ 19 գոլի հեղինակ:

«Նյուքասլում»  2013 թվականին Գուֆրանը յուրահատուկ ռեկորդ սահմանեց` հինգ անընդմեջ խաղում դառնալով գոլի հեղինակ ու կրկնելով հանրահայտ Ալան Շիրերի նմանատիպ արդյունքը:

Խորեն Բայրամյանն ու Դավիթ Յուրչենկոն կհրավիրվե՞ն հավաքականի խաղերին. պատասխանում է մարզիչը

Իսկ 2017-19 թվականներին Գուֆրանը հանդես էր գալիս թուրքական «Գյոզտեպե» թիմի կազմում: Պայմանագրի ավարտից հետո ֆրանսիացին իր կարիերան շարունակելու է Հայաստանում, «Արարատ-Արմենիայի» կազմում: Կասկածից վեր է, որ Գուֆրանն իր փորձով ու վարպետությամբ կարող է նպաստել «Արարատ-Արմենիայի» արդյունքներին:

Ինչպես հայ մարզչին հաջողվեց Պետդումայի պատգամավորին դարձնել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն

Ֆուտբոլային հայկական ակումբները լրիվ թափով նախապատրաստվում են Բարձրագույն խմբի առաջնության գարնանայի հատվածի մեկնարկին: Փետրվարի 28-ին կվերսկսվի բարձրագույն խմբի մրցաշարը, և դժվար է կանխագուշակել, թե ով վերջնական հաղթանակի կհասնի: Ստուգողական խաղերին զուգընթաց հայկական ակումբները նոր ֆուտբոլիստներ են հրավիրում, իսկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ամենահետաքրքիր տրանսֆերները գրանցվում են գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» կազմում:

Ավստրիական «Լասկի» հարձակվող՝ նիգերիացի Յուսուֆ Օտուբանյոյից հետո, Յոհան Գուֆրանը երկրորդ նշանակալից ուժեղացումն էր «Արարատ-Արմենիայի» համար: Պետրոս Ավետիսյանի Ղազախստան հեռանալուց հետո թիմը կտրուկ ուժեղացնում է իր խաղային բոլոր օղակները: Նպատակը հասկանալի է` պաշտպանել չեմպիոնական տիտղոսը:

Հպարտ եմ, որ հայ եմ. բացառիկ զրույց Իրանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի օգնականի հետ

Հավելենք, որ ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում աշնանային հատվածից հետո առաջատարը Վանաձորի «Լոռին» է, որն ունի 28 միավոր: Երեք թիմեր՝ «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը» և «Արարատը», ունեն 27-ական միավոր: Լավագույն վեցնյակը եզրափակում են «Շիրակը» և «Նոան»` համապատասխանաբար 25 և 24 միավորներով: