ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Արցախում մահացած զինվորի հարազատների հետ հանդիպման ընթացքում հայտնեց, որ գործով 3 ձերբակալված կա և նշեց, որ մինչև չապացուցվի` ինքնասպանություն եղել է, թե չի եղել, որևէ մեկը որևիցե մեկնաբանություն անելու իրավունք չունի։
Տոնոյանի հետ առանձնազրույցից հետո զինվորի հարազատները նշեցին, որ վստահում են պաշտպանության նախարարին։
«Մենք հավատում ենք Ձեզ»,- ասացին նրանք և որոշեցին վերադառնալ գյուղ` զինվորին հուղարկավորելու։ Թե ինչ են նրանք պայմանավորվել` հայտնի չէ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 30-ին Արցախում մահացած ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները նրա դագաղը ոտքով տեղափոխում են Երևան:
Արդեն տեղեկացրել էինք, որ Արցախում 20–ամյա զինծառայող է մահացել։ Արցախի պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ` հունվարի 30-ին, ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը:
Մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը տեղեկացրել էր, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել էր վերջինիս կենսաբանական մահը:
Երրորդ անձ և հետքերը վերացնող կա՞. պաշտպանը զինվորի մահվան գործով այլ վարկած է ասում
Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: