Չինաստանի սահմաններից դուրս գրանցվել է կորոնավիրուսից մահանալու առաջին դեպքը

Կորոնավիրուսի տարածման պատճառով մահացու դեպքերի թիվը հասել է 304-ի։ Վարակված մարդկանց ընդհանուր թիվը հատել է 13 հազարի շեմը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Չինաստանի Ուհան քաղաքի բնակիչներից մեկը մահացել է Ֆիլիպիններում, Twitter-ում հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղի մասնաճյուղը։ Նշվում է, որ տղամարդը 44 տարեկան էր, մահացել է փետրվարի 1-ին։ Տղամարդը երկրորդ հիվանդն էր Ֆիլիպիններում, որի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս։

Փետրվարի 2-ի առավոտյան տվյալների համաձայն` կորոնավիրուսի հետևանքով արդեն 304 մարդ է մահացել, վարակվածների թիվը հասել է 13 846-ի։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի բռնկման պատճառով միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել։ Վարակն արդեն տարածվել է Չինաստանի սահմաններից դուրս, դեպքեր են գրանցվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ–ում, Թաիլանդում, Սինգապուրում, Հոնկոնգում և Ավստրալիայում։

Կորոնավիրուսը մերձեցնում է. հայ աղջիկները`չինացիների նրբանկատության մասին

Չինաստանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն։ Բժիշկների խոսքով` կորոնավիրուսի հիմնական ախտանիշներն են ջերմությունը, հոգնածությունը, խորխով հազը։ Հիվանդությունը սկսվում է որպես սովորական շնչառական վարակ, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց շատ արագ ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը։ Ռիսկային խմբում են թույլ իմունային համակարգ ունեցողները, երեխաներն ու ծերերը։

Կորոնավիրուս` մահացածներ, վարակակիրներ, բուժվածներ. իրավիճակը` թվերով

Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ում հայտնել է, որ 2020թ. փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը Չինաստանի քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի ազատ ռեժիմը ժամանակավորապես կասեցվում է։