Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա
Բռնցքամարտի ՀՀ վաստակավոր մարզիչ Մանվել Գաբրիելյանը մարզչական իր կարիերայի ընթացքում բազմաթիվ հաջողությունների է հասել` մարզելով Եվրոպայի չեմպիոնների: Բայց դա՝ սիրողական բռնցքամարտում: Իսկ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը հայ մարզչի շնորհիվ չեմպիոն է դարձել նաև պրոֆեսիոնալ ռինգում:
Sputnik Արմենիայի հետ զրույցում Մանվել Գաբրիելյանը պատմում է, որ դեռ երկրորդ կուրսի ուսանող էր, որ սկսեց առաջին քայլերը կատարել մարզչական գործում:
«Զգացի ու հասկացա, որ կարող եմ արդյունքի հասնել: Ու այդպես գնաց և շարունակվեց»,–ասում է Գաբրիելյանը:
Հայաստանի չեմպիոնի կոչումը որպես մարզիկ երկու անգամ նվաճելուց հետո նա սկսեց ռինգում նոր անուններ կերտել:
Գաբրիելյանի սաների բազմաթիվ հաջողությունները Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում նորություն չեն: Նույնիսկ հնարավոր էլ չէ ներկայացնել բոլորին: ՀՀ վաստակավոր մարզչի աշխատանքը շատ վաղուց է տվել իր արդյունքները: Սաներից մեկի՝ Լյովա Կիրակոսյանի անվան հետ էլ կապված է մարզչական կարիերայի կտրուկ շրջադարձը, որից հետո սիրողական բռնցքամարտի հաջողությունները շարունակություն ունեցան պրոֆեսիոնալ ռինգում, ընդ որում՝ Ռուսաստանում: Ո՞վ կարող էր մտածել, որ հայ մարզիչը կկարողանա ռուս հսկա Նիկոլայ Վալուևի հետ դառնալ աշխարհի չեմպիոն:
«Լյովա Կիրակոսյանն ինձ առաջարկեց պատրաստել իրեն և այն ժամանակ ինձ անհայտ գերծանր քաշային բռնցքամարտիկի: Մարզումները պետք է անցկացնեինք Սանկտ Պետերբուրգում: 2000 թվականին մեկնեցի Ռուսաստան` տղաներին Ռուսաստանի պրոֆեսիոնալների առաջնությանը նախապատրաստելու համար: Ու երբ առաջին անգամ տեսա Վալուևին, լեզուս պապանձվեց»- պատմում է Գաբրիելյանը:
Վալուևի 2 մ 13 սմ հասակը և 151 կգ քաշն ապշեցրել էին Գաբրիելյանին։
«Մի քանի վայրկյան նայում էի այդ հսկային: Սկզբում հարցրի, թե ինչպես է մարզվել: Զրույցից հետո հասկացա, որ շատ բաներ պետք է փոխել մարզվելու հարցում, բայց նաև հասկացա, որ Վալուևը կարող է չեմպիոն դառնալ» - ասաց Գաբրիելյանը:
2000 թվականին Ռուսաստանի պրոֆեսիոնալների առաջնությունում չեմպիոն դարձան Մանվել Գաբրիելյանի երկու սաները՝ Լյովա Կիրակոսյանն ու Նիկոլայ Վալուևը: Հետո հայ մարզչի հետ մարզվողների թիվն ավելացավ: Բայց ինչպես նշում է Գաբրիելյանը, Կիրակոսյանն ու Վալուևը իր «հիմնական աշխատանքն» էին։
«Երկու մարզում անցկացնելուց հետո ես Նիկոլային ասացի, որ ինքը երկու տարի անց աշխարհի չեմպիոն է դառնալու: Համոզված էի դրանում»,- ավելացրեց Գաբրիելյանը:
Ռուս բռնցքամարտիկը չեմպիոնություն ձեռք բերեց մի փոքր ուշ՝ 2005 թվականին: Բայց մինչ այդ էլ Վալուևն արդեն աղմուկ էր բարձրացրել ռինգում և ուներ չեմպիոնական գոտի՝ WBA inter continental: 2006 թվականին Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) աշխարհի չեմպիոնի որոշիչ գոտեմարտում Վալուևը հաղթեց ԱՄՆ–ն ներկայացնող Ջոն Ռուիսին ու հետագայում երեք անգամ պաշտպանեց այդ գոտին:
Նիկոլայ Վալուևը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրեց 52 մենամարտ, որոնցից 50-ում հաղթեց։ Նա իր կարիերան ավարտեց 2009 թվականին։ Հիմա չեմպիոնը Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր է, բայց կապը հայ մարզչի հետ երբեք չի կտրում: Հակառակը՝ Գաբրիելյանն ինչ մրցաշարի որ գնում է, Վալուևը նրան ողջույնի խոսքեր է հղում համացանցի միջոցով:
Գաբրիելյանի խոսքով` Վալուևը ոսկի բնավորություն ուներ։ «Բնատուր ուժից բացի Նիկոլայը նաև շատ աշխատասեր էր: Նրան նայելով՝ չէիր ասի, որ այդ հսկան այդքան բարի ու լավ մարդ կարող է լինել: Իրոք, ոսկի է: Ես շատ ուրախ եմ, որ աշխատել եմ նման մարդու և բռնցքամարտիկի հետ»,- նշում է Գաբրիելյանը:
Չնայած սպորտի համար պատկառելի տարիքին (նա արդեն 65 տարեկան է), Մանվել Գաբրիելյանը շարունակում է իր մարզչական գործունությունը: Ճիշտ է, հիմա մարզում է ոչ թե խմբի, այլ մեկ բռնցքամարտիկի: Փորձառու մասնագետը չեմպիոնական հնարավորություններ է տեսել պատանի աղջնակի՝ Սեդա Մինասյանի մոտ: Բացի այդ, արդեն ռինգում մարզվում է նրա թոռնիկը` փոքրիկ Մանվել Գաբրիելյանը, որը ութ տարեկան է:
222 մեդալ` մեկ տարվա ընթացքում. հայկական սպորտի նվաճումները 2019 թվականին