Փետրվա՞ր, թե՞ մարտ. Սուրենյանն ասել է` ինչ եղանակ է սպասվում ձմռան վերջին ամսին

Գագիկ Սուրենյանը facebook-ի հետևորդներին ներկայացրել է, թե ինչ եղանակ է սպասվում Հայաստանում ձմռան վերջին ամսին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Փետրվար ամիսը տաք է լինելու։ Այս լուրը facebook-ի իր հետևորդներին հայտնել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, տեղումները կանխատեսվում է նորմայի սահմաններում»,– գրում է Սուրենյանը։

Հանրապետության բոլոր մարզերում ձյուն է տեղում. կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ

Նա նաև նշում է, որ այս տարվա փետրվարը կհիշեցնի մարտ ամիսը։ Բայց երբեմն նաև ցուրտ կլինի ու ձյուն կտեղա։

«Տաք եղանակները ժամանակ առ ժամանակ կընդհատվեն ջերմաստիճանի կարճատև անկումներով և ձյան տեղումներով»,– հայտնում է Սուրենյանը։

Հիշեցնենք` ըստ օդերևութաբանական կանխատեսումների, հանրապետության ողջ տարածքում տեղացող ձյունն այսօր երեկոյան կդադարի։ Փետրվարի 4-ի ցերեկը կվերսկսվի։

Փետրվարի 2-3-ը, 4-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: