Հայ պատգամավորները Բաքվի ջարդերի վերաբերյալ հայտարարություն են տարածել ԵԽԽՎ–ում

Հայ պատվիրակների գրավոր հայտարարությանը միացել են ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ՝ տարբեր երկրներից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Հայկական պատվիրակությունը Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 30-րդ տարելիցի վերաբերյալ հայտարարությունն են տարածել ԵԽԽՎ–ում։ Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Ծնողներին եռման ջրով այրում էին, երեխաները տեսնում էին այդ ամենը. Բաքվի ջարդերի ականատես

Հայ պատվիրակներն իրենց հայտարարության մեջ հիշեցնում են, որ 1990 թվականի հունվարի 13-19-ին Ադրբեջանի ԽՍՀ-ի Բաքվում ապրող հարյուր հազարավոր հայեր ենթարկվեցին զանգվածային ջարդերի, ազգությամբ հայ բնակչության դեմ եղան կազմակերպված հարձակումներ, ինչն Ադրբեջանի քաղաքականության դրսևորումն էր: Հարյուրավոր հայեր սպանվեցին, խեղանդամվեցին, հետապնդվեցին և տեղահանվեցին: Ոչնչացման սպառնալիքի ներքո շուրջ 250000 հայ ստիպված եղավ փախուստի դիմել Ադրբեջանից:

Բաքվի ջարդերը դարձան հայերի հանդեպ ռասիզմի և այլատյացության (հայատյացության) պետական քաղաքականության գագաթնակետը: Հակառակ միջազգային հանրության, մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների և Եվրախորհրդարանի (1988, 1990, 1991թթ. բանաձևերի) արձանագրած փաստերի՝ Ադրբեջանի իշխանությունները հերքում են այս հանցագործությունները, խուսափում են պատասխանատվությունից: Այդ վայրագություններից 30 տարի անց չկա հարգանք և կարեկցանք Ադրբեջանում հայկական ջարդերի զոհերի հանդեպ: Այն ադրբեջանցիները, ովքեր փորձեցին խոսել ջարդերի մասին, պաշտոնապես համարվում են դավաճաններ:

«Այս կապակցությամբ, մենք ոգեկոչում ենք Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը, դատապարտում ենք ռասիզմի և այլատյացության ցանկացած դրսևորում, վերահաստատում ենք, որ մարդկության հանդեպ գործած հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն և շեշտում ենք, որ նախկինում գործած հանցագործությունների դատապարտումն ամենակարևոր երաշխիքն է նոր հանցագործությունները կանխելու համար, դատապարտում ենք, որ ջարդերի կազմակերպիչները և հրահրողները դեռևս պատասխանատվության չեն ենթարկվել»,-նշված է հայտարարության մեջ:

Գրավոր հայտարարությանը նաև միացել են (ստորագրել են) ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ՝ տարբեր երկրներից և տարբեր քաղաքական խմբերից:

Սումգայիթի, Բաքվի ջարդեր. ինչպես հայ կինը լուծեց ամուսնու վրեժը