ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Forbes ամերիկյան պարբերականը հոդված է հրապարակել Հայաստանում վերջին տարիների ընթացքում սրընթաց զարգացում ապրող ՏՏ ոլորտի մասին` հանրապետությունն անվանելով աշխարհի հաջորդ տեխնոլոգիական կենտրոն։
«Բարի գալուստ աշխարհի հաջորդ տեխնոլոգիական կենտրոն` Հայաստան» խորագրով հոդվածում հեղինակ Ուեյդ Շեպարդը նշել է, որ վերջին տարիներին տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերում, ինչպիսին, օրինակ, Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծն է, Հայաստանը «երկրորդ պլան է մղվել», սակայն երկիրը բռնել է զարգացման մեկ այլ ուղի։
Հոդվածի հեղինակը նշել է, որ շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար բարձր տեխնոլոգիաների ոլորտը կենսական անհրաժեշտության առաջնահերթություն է։ Նրա խոսքով` այս ոլորտն առանձնակի խթան ստացավ 2018 թվականի հեղափոխությունից հետո, երբ երկիրը «հավատաց իր ապագային»։
Հոդվածում նշվում է, որ Հայաստանում աշխարհի նկատմամբ նոր մոտեցում է ձևավորվել։ Իսկ տեխնոլոգիաները շարժիչ ուժերից մեկն են. «Տեղեկատվական տեխնոլոգիաները, բարձր տեխնոլոգիական ստարտափերը և ծրագրային մշակումները վերածնվող ազգի հիմքն են ձևավորում»։
2018 թվականին Հայաստանում ՏՏ ոլորտը 33% աճ գրանցեց, ներկա պահին այն գնահատվում է տարեկան 250 մլն դոլար։ Հանրապետությունում ներկայացված են համաշխարհային հայտնի հսկաները` Microsoft–ը, Google–ը, Intel–ը, IBM–ը, Cisco–ն, Synopsys–ը։
Ուեյդ Շեպարդն իր հոդվածում պատմել է նաև հայկական ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հաջողված պատմությունները։
Հայազգի ութ գործարար ընդգրկվել են Forbes-ի` Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ը հատուկ առանձնացրել է PicsArt ընկերությունը` նշելով, որ փոքր հայկական ստարտափից այն ընդամենը մի քանի տարվա ընթացքում ընդլայնվեց և դարձավ համաշխարհային մասշտաբի ՏՏ ընկերություն։
Հոդվածում նշվում է, որ Հայաստանի կառավարությունը ՏՏ ընկերություններին հարկային արտոնություններ է տրամադրում և պետական աջակցման ծրագրեր իրականացնում։ Նման ծրագրերից մեկը հանրապետության դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաների ներդնումն է։