ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Այսօր քամու հետևանքով վնասվել է Հայաստանի Սյունիքի մարզի Դարբաս գյուղի միջնակարգ դպրոցի տանիքի մի մասը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Հունվարի 31-ին, ժամը 13:07-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ ժամը 12:00-ի քամին վնասել է Սյունիքի մարզի Դարբաս գյուղի միջնակարգ դպրոցի տանիքի մի մասը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Պարզվել է, որ քամուց վնասվել են միջնակարգ դպրոցի (մոտ 1200 քմ) տանիքի մոտ 35 քմ թիթեղյա հատվածն ու փայտյա կառուցատարրերը: Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարան։
ԱԻՆ–ի հրապարակած տեսանյութում երևում է` ինչպես է դպրոցի տանիքի մի մեծ հատված քամին գետնին գցել։