ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ անհրաժեշտ է արագացնել ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ և տրանսպորտային շուկաների ստեղծումը։
Նա ողջունել է Ռուսաստանի և Մոլդովայի վարչապետներ Միխայիլ Միշուստինին ու Իոնա Կիկուին և հավաստիացրել, որ Հայաստանը պատրաստակամ է ակտիվ ու արդյունավետ համագործակցության հարցում։
Խոսելով ԵԱՏՄ-ում ինտեգրացման մասին՝ Փաշինյանն ընդգծել է առկա պատնեշների և սահմանափակումների մասին, որոնք խոչընդոտում են ընդհանուր տնտեսական շուկայի ձևավորումը։
«Անհրաժեշտ է ակտիվացնել ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ և տրանսպորտային շուկա ստեղծելուն ուղղված ջանքերը` ապահովելով գնագոյացման, սակագների, ծառայությունների հասանելիության ոլորտում ոչ խտրական մոտեցումներ», – ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով` ԵԱՏՄ մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացումը և տրանսպորտային–լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը ևս մեկ ուղղություն է, որը պետք է լինի ուշադրության կենտրոնում։
Բացի դրանից, Հայաստանը կարևորում է մինչև 2025 թ–ն եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ փաստաթղթի վերջնական համաձայնեցումը։
«Հայաստանն ավանդաբար ակտիվորեն մասնակցում և աջակցում է ԵԱՏՄ թվային օրակարգի ստեղծման գործընթացին: Թվային, տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորումը հնարավորություն կտա նվազեցնել ապրանքների և ծառայությունների սպառողի, արտադրողի և վաճառողի միջև հեռավորությունը», – նշել է վարչապետը։
Դա զգալիորեն կկրճատի առաքման, ինչպես նաև ապրանքների տեղափոխման օպտիմալ եղանակներն ու մեթոդները որոնելու ժամանակը՝ շուկան ավելի կատարյալ դարձնելով։
Վերջում նա կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և նախագահ Տիգրան Սարգսյանին, արդյունավետ աշխատանք մաղթել Եվրասիական հանձնաժողովի նոր ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչին (Բելառուս)։
Նշենք, որ ՀՀ ԿԲ նախկին ղեկավար և ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հունվարի 31–ին կլքի ԵՏՀ կոլեգիայի նախագահի պաշտոնը։ Նա ԵՏՀ–ն գլխավորում է 2016 թվականի փետրվարի 1-ից։ 2020 թվականի փետրվարի 1-ից Սարգսյանին ԵՏՀ ղեկավարի պաշտոնում կփոխարինի Բելառուսի ներկայացուցիչ Միխայիլ Մյասնիկովիչը։