ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Spiegel պարբերականը գրում է, որ Գերմանիայի իրավապահ մարմինները պատգամավոր Կարին Շտրենցին ու նախկին պատգամավոր Էդուարդ Լինտներին կասկածում են Ադրբեջանից կաշառք ստանալու ու այդ երկրի շահերը լոբբինգ անելու մեջ։
Ֆրանկֆուրտի դատախազությունը գործ է հարուցել միանգամից երեք մարդու դեմ։ Երրորդ կասկածյալը փաստաբան է, նրա անունը չի հրապարակվում։ Բոլորին կասկածում են կոռուպցիայի ու «ավտորիտար կովկասյան պետության` Ադրբեջանի» լոբբինգի մեջ։
Իրավապահ մարմինների մոտ 100 աշխատակից ծավալուն խուզարկություններ են անցկացրել Շտրենցի բնակարանում և նրան պատկանող այլ տարածքներում։
ՄԻԵԴ–ն Ադրբեջանի բանտում մահացած հայ հովվի գործով որոշում է կայացրել
Գերմանական պարբերականը գրում է, որ Շտրենցը կարող է առնվազն 22 000 եվրո ստացած լինել Ադրբեջանին աջակցելու ու երկրի շահերն առաջ տանելու համար։ ARD Report Mainz քաղաքական ամսագիրը դեռ 2017 թվականին հայտնել էր այս դեպքի մասին։ Անցած տարի Բունդեսթագը Շտրենցին տուգանել էր գրեթե 20 000 եվրոյով։
Նույն գործի մասնակից Լինտները, դատախազության տվյալներով, 2008 –2016 թվականների ընթացքում Ադրբեջանից մոտ 4 միլիոն եվրո է ստացել կեղծ բրիտանական ընկերությունների միջոցով, որոնք բալթյան երկրների բանկերում հաշիվներ ունեն։
Քննության վարկածի համաձայն` նա իրեն է պահել այդ գումարի մի մասը, իսկ հիմնական մասը փոխանցել է ԵԽԽՎ տարբեր անդամներին, որոնք պետք է դրական կարծիք հայտնեին Ադրբեջանում անցկացված ընտրությունների վերաբերյալ ու դեմ արտահայտվեին Ադրբեջանում քաղբանտարկյալներին ազատելու պահանջների շուրջ։ Լինտներն այդ մեղադրանքները «անհեթեթություն» է որակել։
«Ադրբեջանական կողմը բանեցնում է ոճրագործներին բնորոշ գործելակերպ». Նաղդալյան
Բացի այդ, պարբերականը գրում է, որ Եվրոպայի Խորհրդի անկախ փորձագետները վաղուց մատնանշում էին նրանց կոռուպցիոն գործունեությունն ու 2018 թվականին իրենց զեկույցներում հիշատակում էին Լինտների ու Շտրիցի անունները։ Զեկույցում նշվել է, որ Լինտներն ավտորիտար Ադրբեջանի «առանցքային լոբբիստն» է։
Նշենք, սա ԵԽԽՎ–ում Ադրբեջանի գործունեության հետ կապված առաջին սկանդալը չէ։ Այլ դեպքերի մասին կարող եք ընթերցել մեր նախորդ նյութում։