Դավոսի ֆորումից չարժե արմատական և հեղափոխական բնույթի քայլեր սպասել. Դավիթ Հախվերդյան

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Դավոսում ամեն տարի անցկացվող համաշխարհային տնտեսական համաժողովի և այդ միջոցառման հետ Հայաստանի առնչության մասին:
Sputnik

Դավիթ Հախվերդյանը հաղորդման ընթացքում անդրադարձել է նաև մեր երկրում առկա տնտեսական իրողություններին և միջազգային ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի ներգրավվածության հարցին:

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսորի դիտարկմամբ՝ ի սկզբանե Դավոսի համաժողովը եղել է որպես մեծամասշտաբ բիզնեսմենների ակումբ, որին մասնակցել են ազդեցիկ մասնավոր կորպորացիաների ներկայացուցիչները. նրանց նպատակն էր կորպորատիվ կառավարման հետ կապված պրոբլեմների լուծումը: Տարիներ անց միջոցառումներին սկսեցին մասնակցել նաև պետությունների ղեկավարները, ինչի արդյունքում էապես մեծացան գործողությունների ծավալները՝ առաջ քաշելով արդեն համամարդկային խնդիրներ:

Արմեն Սարգսյանը Իսրայելի Քնեսեթում բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

«Դավոսում հավաքվում են աշխարհի հզորները՝ ինչպես պետությունների ղեկավարների, այնպես էլ վերազգային խոշոր կորպորացիաների ղեկավարների մասշտաբով, նրանք փորձում են քննարկել մոլորակի առաջնահերթ մարտահրավերները և ամենաբարձր մակարդակով դրանց համար առաջարկել լուծումներ: Սակայն ֆորումի քննադատներից, օրինակ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոզեֆ Ստիգլիցը կարծում է, որ Դավոսում հավաքվում են գլոբալիզացիոն երևույթները պոպուլիզմի շղարշի ներքո քողարկելու համար»,- նշում է տնտեսագետը:

Դավոս՝ միջոցների անիմաստ վատնո՞ւմ, թե արժեքավոր գաղափարներ. արժե՞ր հասնել Շվեյցարիա

Այդուհանդերձ, Հախվերդյանի կարծիքով, պետք չէ ֆորումից սպասել արմատական և հեղափոխական բնույթի քայլեր, որովհետև դա ընդամենը հարթակ է, որտեղ հավաքվում են և ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկում տարաբնույթ հարցեր:

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրենն առանձնահատուկ շեշտում է Դավոսում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ելույթի այն դրույթը, ըստ որի՝ թեև մենք չունենք ելք դեպի ծով, սակայն ցանկանում ենք դառնալ գաղափարների ու տեխնիկական լուծումների նավահանգիստ:

Հիշեցնենք` Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 21-ին Շվեյցարիայի Դավոս քաղաքում մասնակցել էր Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը, որն այս տարի անցկացվել էր «Շահագրգիռ կողմերը՝ հանուն աշխարհի համախմբման և կայունության» խորագրով: