Հայաստանում ոչ մի որդեգրում գաղտնի չի մնում. Միրա Անտոնյանը` աղմկահարույց դեպքերի մասին

Հայաստանում անօրինական որդեգրումների, մանկատներում դաստիարակվող երեխաների ճակատագրերի ու այդ ոլորտում առաջացած խնդիրների հնարավոր լուծումների շուրջ Sputnik Արմենիան զրուցել է ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանի հետ։
Sputnik

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ փորձը ցույց է տալիս, որ ոչ մի որդեգրում Հայաստանում գաղտնի չի մնում։

Հայաստանում միասեռականների ամուսնություններ ու որդեգրումներ չեն լինի. նախարար

Նրա խոսքով`որդեգրված լինելու մասին երեխային կարող են ասել հարևանները, համադասարանցիները, ընդ որում` ամենաանհարմար պահին, երեխային պատժելու համար, որպես խարան։ 

«Երեխաները պիտի իմանան, որ իրենք որդեգրված են, և դա պիտի իմանան ճիշտ պահին, երբ իրենք բավականաչափ հասուն են և բավականաչափ պատրաստված են այդ լուրը հնարավորինս մեղմ տանելու համար»,– կարծում է Անտոնյանը։ 

Հակառակ դեպքում, նրա համոզմամբ, սուտը մի օր կարող է պայթել ու անուղղելի վնաս հասցնել թե՛ երեխային, թե՛ որդեգիր ընտանիքին։ 

ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոնի» աշխատանքային գործունեության ընթացքում որդեգրման 26 ձախողված դեպքերի վերլուծությունը, կենտրոնի տնօրենի խոսքով, ցույց է տալիս, որ դրանց մեծ մասի պատճառն այն է, որ երեխաներն իրենց որդեգրման մասին իմացել են ոչ ճիշտ ժամանակին։ 

«Մանկատան երեխաները խոցելի են, որովհետև միայն մի փաստ են ընկալում, որ իրենք լքված են։ Բայց չկա երկրորդ փաստը, որ իրենք սիրված են երկրորդ անգամ։ Երեխաներին պետք է ներկայացվի այս իրողությունը, որ իրենք լքվել են, բայց հետո սիրվել ու սիրվում են նոր ծնողների կողմից»,– ասաց Անտոնյանը։ 

Բացառում ենք, որ երեխան ողջ է. Մարգարյան հիվանդանոցի տնօրենը` ապօրինի որդեգրման մասին

Նրա խոսքով` ի տարբերություն Հայաստանի, եվրոպական երկրներում որդեգրումները գաղտնի չեն արվում։ Անգամ Հայաստանից օրինական ճանապարհով արտասահմանյան որևէ երկրի քաղաքացիների որդեգրած երեխան ու որդեգիր ընտանիքը բաց են սոցիալական ծառայությունների համար։ 

«Ես շատ ավելի հանգիստ եմ, երբ երեխաները գնում են արտասահման, եթե իհարկե նրանք որպես որդեգրման դեպք պաշտոնապես արձանագրված են»,– ասաց Անտոնյանը` շեշտելով, որ Եվրոպայում գործում է սոցիալական աշխատողների կայացած ինստիտուտ, որը ենթադրում է, որ սոցիալական աշխատողները մշտապես որդեգրողների կողքին են` աջակցելու նրանց հնարավոր խնդիրների լուծման հարցում։ 

«Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը կալանավորվեց

Անտոնյանի դիտարկմամբ Հայաստանում սոցիալական աշխատողների համակարգն այդպես էլ չկայացավ, ինչն էլ պատճառ դարձավ որդեգրումների գործընթացում չարաշահումների ու բազմաթիվ ճակատագրերի խեղման համար։