Ադրբեջանը նահանջե՞լ է. ինչպես Երևանը և համանախագահները փրկեցին բանակցությունները

Հարցի շուրջ հայ փորձագետները տարբեր վարկածներ և կարծիքներ են հնչեցնում։ Շատերը հանդիպման արդյունքները մեկնաբանում են` ելնելով իրենց քաղաքական նախապատվություններից, որոշ մարդիկ իրավիճակը վերլուծում են ավելի լայն համատեքստում` խորամուխ լինելով մանրուքների մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, որը տևել է 11 ժամ, ավելի շատ հարցեր է առաջացրել, քան պատասխաններ տվել։ Ինչի՞ մասին են խոսել նախարարները, բանակցությունների սեղանին կա՞ արդյոք առաջարկների կոնկրետ փաթեթ, Արցախը կվերադառնա՞ բանակցությունների սեղան` որպես լիիրավ կողմ և այլն։

Սարգսյան. «Ադրբեջանին ինչ-որ տեղ պարտադրել են ստորագրել Մինսկի խմբի օրակարգի տակ»

Հայ փորձագիտական հանրությունում հնչում են տարբեր վարկածներ և կարծիքներ։ Ընդհանրացնելով դրանք` կարելի է փաստել, որ շատերը մեկնաբանում են հանդիպման արդյունքները` ելնելով իրենց քաղաքական նախապատվություններից։ Նույն հանրապետականները, օրինակ, Հայաստանի ղեկավարությանը մեղադրում են պարտվողական դիրքորոշում գրավելու մեջ։

Իսկ ինչ–որ բանի նկատմամբ համակրանքով չկաշկանդված մարդիկ հակված են վերլուծելու իրավիճակն ավելի լայն համատեքստում` խորամուտ լինելով մանրուքների մեջ, որտեղ էլ, ինչպես ասում են` թաքնված է սատանան։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու ԵԱՀԿ ՄԽ-ն համատեղ հայտարարություն են տարածել

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի կարծիքով` որքան էլ տարօրինակ հնչի, Ժնևի բանակցությունների իմաստն ամբողջությամբ արտացոլված է միջնորդների հայտարարությունում, և այնտեղ ոչ մի տողատակ չկա։ Սարգսյանն ուշադրություն դարձրեց մի հանգամանքի, որը վրիպել է մեկնաբանների տեսադաշտից։ Ըստ Սարգսյանի՝ Ադրբեջանը դեռևս 2019թ–ի դեկտեմբերին Բրատիսլավայում կայացած հանդիպման նախօրեին նախանշել էր կարմիր գիծը, որի իմաստն այն էր, որ կարգավորման հիմքում պետք է լինի Ադրբեջանի սահմանադրությունը, այլ ոչ թե Մինսկի խմբի կոնցեպտը կամ առաջարկը:

«Դրանից հետո համանախագահները հայտարարությամբ հորդորեցին ոչինչ չփոխել և առաջ շարժվել իրենց առաջարկների հիման վրա, սակայն ադրբեջանական կողմը մինչ օրս այդ կապակցությամբ լռում է»,- նշեց Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Պատահական չէ, որ գրել են, թե բանակցություններն ընթացել են համանախագահների օրակարգով, և ինչ-որ տեղ Ադրբեջանին պարտադրել են ստորագրել դրա տակ:

«Ադրբեջանին հասկացրել են, որ սկզբունքները և առաջարկները չեն փոխվի։ Դատելով Երևանի և Բաքվի գրեթե միանման հայտարարություններից` վերջինը զիջել է միջնորդների պահանջին։ Ահա այդ մասին պետք է խոսել», – ասաց նա։

Սարգսյանը չբացառեց, որ այդքան երկարատև բանակցությունները նպատակ ունեին համոզել, ստիպել Ադրբեջանին նահանջել մոտեցումներից, որոնք նա հնչեցրել է մինչև Բրատիսլավայում կայացած հանդիպումը։

Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

«Չեմ կարծում, որ ադրբեջանական կողմը միանգամից զիջել է միջնորդների պահանջներին։ Ուստի բանակցություններն այդքան երկար են տևել։ Ամենայն հավանականությամբ, միջնորդներին ասել են, որ եթե Ադրբեջանը չստորագրի համատեղ հայտարարության տակ, ապա նրանք արդեն անելիք չունեն։ Դա կնշանակեր բանակցությունների փաստացի դադարեցում», – ընդգծեց Սարգսյանը։

Ուստի երեկվա համատեղ հայտարարությունը կարելի է համարել բանակցային գործընթացը պահպանելու վկայություն։

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» կազմակերպության ղեկավար Թևան Պողոսյանը կարծում է, որ Ադրբեջանը երբեք չի հրաժարվել հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու գաղափարից։ Պողոսյանը հունվարի 31–ին կայացած ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանը միշտ պետք է լավ կատարի տնային աշխատանքները առանց կարևորելու` կա հանդիպում, չկա հանդիպում:

11 ժամ տևած բանակցություններ. ի՞նչ կտա արցախյան գործընթացին Ժնևի հանդիպումը

Պողոսյանն ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ ամեն անգամ բանակցություններից հետո Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը դուրս է եկել և ինչ–որ մանրամասներ ասել ադրբեջանական ԶԼՄ–ներին` հավաստիացնելով, որ հենց այդ դետալներն են քննարկվել հանդիպման ընթացքում։ Մամեդյարովի հայտարարությունները բուռն զգացմունքներ են առաջացրել հայ հասարակությունում, իշխանությունների հասցեին հնչել են մեղադրանքներ։ Բայց հետո պարզվել է, որ իրականում ոչինչ տեղի չի ունեցել։ Պողոսյանի կարծիքով` այժմ նման անհեթեթ իրավիճակները կանխելու նպատակով համանախագահները վերջին հայտարարությունում պնդում են, որ բանակցությունները գաղտնի մնան։

Ի դեպ, գաղտնիության մասին կետը այլ կերպ է մեկնաբանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։  Նրա խոսքով` Մինսկի խումբը կոչ է արել պահել բանակցությունների կոնֆիդենցիալության սկզբունքը` այսպիսով կշտամբելով փաշինյանական զեղումները Կապանում։ Վարչապետը հունվարի 25–ին ասել է, որ Սերժ Սարգսյանն իր նախագահության ընթացքում քննարկել է Ադրբեջանին 7 շրջաններ հանձնելու տարբերակը։

Մինասյան․ «Առաջիկայում ինտենսիվ բանակցություններ, լուրջ առաջընթաց դժվար է ակնկալել»

Աշոտյանը Facebook–ի իր էջում գրում է, որ իրականում տեղի է ունենում ինտենսիվ բանակցային գործընթաց, որի մասին Հայաստանի իշխանությունները գերադասում էին լռել (իշխանություններն օգտագործում են «քննարկումներ» բառը, այլ ոչ թե բանակցություններ` խմբ.)։ Նրա խոսքով` սեղանին իրականում դրված է փաստաթուղթ, ինչը նույնպես պարբերաբար հերքում էր Նիկոլ Փաշինյանը։

«Արցախի՝ բանակցային ձևաչափ վերադարձնելու փաշինյանական խոստումը մնացորդային հիշատակման է արժանացել, այն էլ՝ բացառապես Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ», – գրել է Աշոտյանը։

Ինչ են քննարկել Մնացականյանն ու Մամեդյարովը. Երևանի և Բաքվի մեկնաբանությունները

Այդ առումով հանրապետականը ճիշտ է. Ստեփանակերտի մասնակցության մասին չի նշվում ո՛չ համանախագահների և ԱԳՆ ղեկավարների համատեղ հայտարարությունում, ո՛չ պաշտոնական Բաքվի հաղորդագրությունում։ Սակայն պետք է հաշվի առնել, որ համանախագահները երբեք չեն առարկել արցախյան կողմի մասնակցության դեմ. ուղղակի այդ մասին պետք է պայմանավորվեն Հայաստանը և Ադրբեջանը։ Հեշտ գործ չէ համոզել վերջիններին, որ անհրաժեշտ է վերականգնել լայնաֆորմատ բանակցությունները։ Դրա համար էլ կոչվում են բանակցություններ, որպեսզի քննարկվեն և հանգեն պայմանավորվածության։ Հարցը միայն այն է, թե որքանով են ուժեղացնում Երևանի դիրքերը տարաբնույթ շահարկումները, որոնք հետևում են «վերևներում» յուրաքանչյուր հանդիպմանը։