Սերբիայի քաղաքացիները Հայաստան կգան առանց վիզայի

Սերբիան կդառնա 64-րդ երկիրը, որի հետ Հայաստանն ունի առանց մուտքի արտոնագրի փոխադարձ համաձայնագրեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Սերբիայի քաղաքացիները կարող են Հայաստան մուտք գործել առանց մուտքի արտոնագրի ու կես տարի մնալ Հայաստանում։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ 

Ինչ են մտածում քաղաքացիները ՀՀ-ի և Չինաստանի միջև վիզայի ռեժիմի չեղարկման մասին. տեսանյութ

«Որոշման նպատակն է ամրագրել երկու երկրների հարաբերությունների փոխադարձությունը վիզային ռեժիմի հարցում,  սա նաև ևս մեկ քայլ է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի ապահովման` կառավարության քաղաքականության իրականացման հարցում»,– որոշման նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հույս հայտնեց, որ այս որոշումը կխթանի նաև երկու երկրների միջև օդային փոխադրումների ակտիվացումը։

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 10 օր անց։

Նշենք, որ ՀՀ քաղաքացիներ արդեն իսկ Սերբիա են մեկնում առանց մուտքի արտոնագրի։ Այդ որոշումը Սերբիայի կառավարությունն ընդունել էր 2019թ–ի հոկտեմբերի 25-ին։ ՀՀ քաղաքացիները ևս Սերբիայի տարածքում մնալու կես տարի մնալու իրավունք ունեն։

Նշենք, որ Հայաստանն առանց մուտքի արտոնագրի փոխադարձ համաձայնագրեր ուներ 63 երկրի հետ։