11 ժամ տևած բանակցություններ. ի՞նչ կտա արցախյան գործընթացին Ժնևի հանդիպումը

Հայկական փորձագիտական շրջաններում արդեն նախնական հետևություններ են անում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների բանակցությունների արդյունքների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի շատ երկար տևած հանդիպումը դեռ առիթ չէ Արցախի բանակցություններում առաջընթացի հույս ունենալու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Օրբելի» կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանը։

Ժնևում կայացած երկօրյա բանակցություններն ամենաերկարն են եղել վերջին տարիների ընթացքում։ Երեկ նախարարների հանդիպումը տևել է 7 ժամ, այսօր նրանք զրուցել են ավելի քան 4 ժամ։

Ինչ են քննարկել Մնացականյանն ու Մամեդյարովը. Երևանի և Բաքվի մեկնաբանությունները

Մինասյանը նման ինտենսիվությունը պայմանավորում է նրանով, որ կողմերը մանրակրկիտ կերպով քննարկում են յուրաքանչյուր դետալ` կարգավորման հիմնարար սկզբունքների հստակեցում, դրանց նույնականացման խնդիրներ, բանակցությունների սեղանի շուրջ Արցախի վերադարձ և հրադադարի ռեժիմի ամրապնդում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնում։

Փորձագետը կարծում է, որ Բաքուն չի հրաժարվում իր առավելապաշտական դիրքորոշումից։ Մինչև հանդիպումն էլ պարզ էր, որ հանդիպումից լուրջ ակնկալիքներ չեն կարող լինել։

Մինասյանն ուշադրություն դարձրեց այն փաստին, որ փետրվարի 9–ին Ադրբեջանում կկայանան խորհրդարանական արտահերթ ընտրություններ, մեկուկես ամիս անց Արցախում տեղի կունենան նախագահի և ԱԺ ընտրություններ։

«Սա նշանակում է, որ բանակցային գործընթացում կլինի հարաբերական դադար։ Նշանակում է, որ հիմա անհրաժեշտ է քննարկել հարցերի լայն շրջանակ», – հավելեց նա։

«Զիջումների խնդիրը բանակցության առարկա չէ». Օհանյանը` ղարաբաղյան բանակցությունների մասին

Մինասյանի կարծիքով, եթե համեմատել պաշտոնական Երևանի և Բաքվի հայտարարությունների տեքստերը, ապա աչքի է զարնում այն, որ ադրբեջանական կողմը շեշտը դնում է Հելսինկիի եզրափակիչ ակտի նորմերը և սկզբունքները կիրառելու վրա, իսկ հայկական տեքստում ընդգծվել է բանակցային գործընթացի ներառականության խնդիրը, այսինքն` Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու անհրաժեշտությունը։

Մակրոնն ասել է` ինչպես կարող են ֆրանսիացիներն օգնել Ղարաբաղի բնակիչներին

Փորձագետը համոզված է, որ հայկական կողմը ոչնչով կաշկանդված չէ, այլ ունի քաղաքական կամք` բանակցային գործընթացի ամենասուր հարցերն ու ասպեկտները հնչեցնելու և քննարկելու համար։

«Չի կարելի բացառել նաև բանակցային գործընթացին չվնասելու կողմերի ձգտումը։ Այդ մասին է վկայում հայտարարությունների բավական զուսպ տոնը», – ասաց Մինասյանը։

Փորձագետը ենթադրեց, որ Ժնևում հայկական կողմը բարձրացրել է հայտարարությունների համաձայնեցման սկզբունքը պահպանելու հարցը։

Նշենք, որ Ժնևում հունվարի 29–30–ին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ: