Երևանի հիվանդանոցներից մեկում գտնվող չինացիների մոտ կորոնավիրուսին բնորոշ ախտանշան չկա

Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հերքում է կորոնավիրուսի առկայությունը պացիենտների մոտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Երևանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում գտնվող 2 չինացիների մոտ կորոնավիրուսին բնորոշ ախտանշան չկա: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Պաշտոնապես հերքում ենք վիրուսի առկայությունը պացիենտների մոտ: Վերջիններիս մոտ կորոնավիրուսին բնորոշ որևէ կլինիկական ախտանշան չկա` ջերմություն, գլխացավ, ընդհանուր թուլություն, հազ: Ավելին ռենտգենաբանական հետազոտության արդյունքում թոքաբորբ չի ախտորոշվել», - տեղեկացրեց խոսնակը:

Հիշեցնենք` «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» վարակիչ հիվանդությունների և համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանն այսօր հայտնել էր, որ Հայաստանում այժմ երկու չինացի կա, որոնք մեկուսացված են. նրանցից մեկին հետազոտում են, նրանց թույլ չի տրվել հատել Վրաստանի սահմանը ջերմություն ունենալու պատճառով:

Կորոնավիրուսի «հայրենիքում»` Ուհան քաղաքում, այժմ 6 հայ կա. նրանք տնից դուրս չեն գալիս

Հիշեցնենք, որ Չինաստանում արդեն իսկ 5997 մարդ է վարակվել կորոնավիրուսով, գրանցվել է մահվան 132 դեպք: Նշվում է, որ վարակի տարածման աղբյուր կարող է լինել ծովամթերքը։

Հիվանդության հիմնական ախտանիշներն են ջերմությունը, հոգնածությունը, խորխով հազը։ Հիվանդությունը սկսվում է որպես սովորական շնչառական վարակ, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց շատ արագ ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը։

«Հատուկ դիմակները վերջացել են». Չինաստանում գտնվող հայ երիտասարդը` կորոնավիրուսի մասին