ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Մի խումբ երիտասարդներ Երևանում իրականացնում են «Ուսանողի տուն» ծրագիրը, որը մարզերից եկած ուսանողներին հնարավորություն կտա սիմվոլիկ վարձի դիմաց բնակվել մայրաքաղաքում և ներգրավվել ակտիվ հասարակական կյանքում։ Տեղեկությունը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում լրագրողներին ներկայացրեց ծրագրի համահեղինակ Մհեր Մկրտչյանը։
Նոր Նորքում տեղակայված «Ուսանողի տունն» ապահովված կլինի ննջարաններով, խոհանոցով, գրադարանով, տեխնիկական միջոցներով։ Ըստ Մկրտչյանի, սիմվոլիկ անդամավճարի դիմաց 50 ուսանող կկարողանան բնակվել 17 սենյակներում։
«Ուսանողների ժամանցի խնդիրն էլ կփորձենք լուծել ոչ ֆորմալ կրթական ծրագրերի, կինոդիտումների, արշավների և այլ տարբերակներով», - նշեց Մկրտչյանը։
Առաջին այսպիսի տունը հավանաբար կսկի գործել սեպտեմբերին։ Չնայած այս պահին «Ուսանողի տան» շինարարության աշխատանքներն ընթանում են, սակայն այն ունի ֆինանսական աջակցության կարիք։ Այժմ շենքի վերոնորոգման հարցում օգնում են ծրագրի հեղինակների ընկերներն ու ներդրողները, որոնք ուզում են գաղափարի իրականացման մասնիկը դառնալ։
«Սա շահույթ հետապնդող կազմակերպություն չէ, ու դժվար է ներդրողների մոտ հետաքրքրություն առաջացնել։ Հիմնականում ներդրում անում են նրանք, ովքեր ուզում են սատարել մեր գաղափարին ու դառնալ «մեծ փոփոխության մասնիկ», - նշեց Մկրտչյանը։
Ծրագրի համահիմնադիր Ծովինար Սարգսյանն իր հերթին նշեց, որ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի, համապատասխան միջավայրի ձևավորման շնորհիվ, «Ուսանողի տունն» ապրողները կկարողանան ինտեգրվել մասնագիտական հանրույթին և գուցե նաև աշխատանք գտնել։ Բացի դա, մարզեր վերադառնալուց հետո, նրանք կկարողանան օգտագործել ստացված գիտելիքներն ու կապերը ծննդավայրի զարգացման համար։
Ավելի քան 300 աշխատատեղ` ուսանողների համար. կայացավ աշխատանքի տոնավաճառը
Նշենք, որ «Ուսանողի տուն» նախաձեռնության հիմնական նպատակն է մարզերից Երևան եկած շնորհալի ուսանողների համար ոչ ֆորմալ կրթության և բնակության պայմանների ստեղծումը, մայրաքաղաքում նրանց կենցաղային և բնակարանային խնդիրները թեթևացումը: Նախատեսվում է ծրագրում ներգրավել այն ուսանողներին, որոնք ուսումնառությունից հետո վերադառնալու են ծննդավայր: