Սուպեր հերոս Սարգիսը. սա Հոլիվուդը չէ, Հայաստանն է ու Արցախը...

Փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը բազկամարտի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն է։ Նա ղեկավարում է իր հիմնադրած Հաշմանդամային սպորտի ֆեդերացիան, իսկ Երևանում ստեղծել է նաև մարզասրահ հաշմանդամություն ունեցողների համար, որտեղ սովորեցնում է հաղթող դառնալ ամեն ինչում։
Sputnik

Փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանի հետ պատահական ծանոթացել եմ Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո։ Այն քչերից էի, որը նրա սխրանքի մասին մինչ այդ չէի լսել։ Գիտեմ, որ այս խոստովանությունն ինձ պատիվ չի բերում։ Մեր հանդիպումն այնպիսի տպավորություն թողեց ինձ վրա, որ հրաժեշտ տալուց անմիջապես հետո համացանցում՝ փնտրման տողում մուտքագրեցի նրա անուն–ազգանունն ու սկսեցի կարդալ։

Սուպեր հերոս Սարգիսը. սա Հոլիվուդը չէ, Հայաստանն է ու Արցախը...

Կարծում էի՝ միայն հոլիվուդյան ֆիլմերում է հնարավոր, որ գլխավոր հերոսն անհավանական բաների միջով անցնի, որ կյանքը ոչ թե մազից լինի կախված, այլ մազն էլ կտրված լինի, բայց նա ողջ մնա ու հաղթի։

Սուպեր հերոս Սարգիսը. սա Հոլիվուդը չէ, Հայաստանն է ու Արցախը...

Բայց, փաստորեն, իրականության մեջ էլ կարող է «սուպեր հերոս» լինել։ Այդ օրը ես գտա իմ սուպեր հերոսին։

2014 թվականի հուլիսի 29-ին հակառակորդի հերթական դիվերսիայի ժամանակ հայկական կողմն արժանի հակահարվածով նորից ադրբեջանցիների «քիթը ջարդեց», բայց չեզոք գոտում վիրավոր սպա ունեցանք։ Սարգիս Ստեփանյանն այդ ժամանակ ծառայում էր Հատուկ նշանակության ջոկատում։ Խմբի հետ մարտական ընկերոջ հետևից ականապատ դաշտ գնացին՝ անգամ չիմանալով՝ նա վիրավոր է, թե արդեն ողջ էլ չէ։ Այդ ժամանակ էլ ականներից մեկը պայթեց՝ անմիջապես պոկելով Սարգիսի աջ ոտքը, իսկ ձախ ոտքն ու աջ ձեռքը սարսափելի վնասված վիճակում էին։ Ընկերները նրան դուրս բերեցին դաշտից, առաջին օգնությունը ծայրահեղ ծանր վիճակում գտնվող սպային պաշտպանական շրջանի հոսպիտալում ցուցաբերեցին։

«Եթե մահանամ, իմացիր, որ միշտ սիրել եմ քեզ». ապրիլյան պատերազմն ու անպատասխան նամակը

Չափահաս մարդու օրգանիզմում արյան ծավալը մոտ 5 լիտր է, այս ծավալի կեսից ավելին Սարգիսը կորցրել էր: Հոսպիտալն այդքան արյուն չուներ։ Ընկերոջ փրկության համար արյուն տվեցին զինվորներն ու սպաները։ Սարգիսի կյանքը ոչ թե ժամերից, րոպեներից, այլ վարկյաններից էր կախված։ Արյունը ներարկվում էր անգամ առանց համապատասխան մշակման։ Վիրահատության ժամանակ Սարգիսը մի քանի անգամ սրտի կանգ ունեցավ, բայց կարողացավ հաղթահարել փորձությունը։

Սուպեր հերոս Սարգիսը. սա Հոլիվուդը չէ, Հայաստանն է ու Արցախը...

Վիրահատությունից հետո նրան տեղափոխեցին Երևան։ Երեք վերջույթները կորցրած զինվորականը զարմանալիորեն արագ էր ապաքինվում։ Դեպքից երեք ամիս անց Սարգիսն արդեն պրոթեզներով սար էր բարձրանում։

Հոսպիտալում պառկած՝ նա արդեն գիտեր, թե ինչով է զբաղվելու դուրս գրվելուց հետո։ Դեռ հիվանդանոցում հորը խնդրեց «գանտել» բերել. պառկած մարզում էր փրկված միակ վերջույթը՝ ձախ ձեռքը։

«Ապրիլյան պատերազմն ինձ համար վերածնունդ էր ու մեծ ուսուցիչ». Ժորա Աֆրիկյան

Հիշում է՝ 2015 թվականի փետրվարին սպորտային ընկերները երեկո կազմակերպեցին. ուզում էին նրան հետ բերել սպորտային կյանք։ Այդ օրվանից Սարգիսը սկսեց պրոֆեսիոնալ բազկամարտով զբաղվել։ Մարզումների էր հաճախում առանց բացակաների։ Խոստովանում է՝ մարզումները հեշտ չէին տրվում. ձեռքն էր ցավեցնում, տանջվում, բայց չէր հանձնվում։ Անգամ մարզասրահ հասնելն էր դժվար, որովհետև մինչև մարզասրահի աստիճաններին հասնելը պիտի նաև սառցապատ գետնի վրայով քայլեր։

«Ես ինձ կյանքում հաշմանդամ չեմ համարում, բայց որ ոտքս «սղղար», կարող էի ընկնել ու դառնալ հաշմանդամ»,- կատակում է Սարգիսը։

2015 նոյեմբերին նա առաջին անգամ մասնակցեց հաշմանդամություն ունեցող մարզիկների աշխարհի առաջնությանը. մրցակիցները լուրջ, տարիների փորձ ունեցող մարզիկներ էին, նորեկը միայն ինքն էր։ Փորձի պակասն իրենն ասաց։

Առաջնությունում Սարգիսը չորրորդ տեղը զբաղեցրեց, վերադարձավ ու շարունակեց մարզումները։

Սուպեր հերոս Սարգիսը. սա Հոլիվուդը չէ, Հայաստանն է ու Արցախը...

Հիմա արդեն Սարգիս Ստեփանյանն աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն է։ Նրա անունն ընդգրկվել է Հայաստանի ռեկորդների ու ռեկորդակիրների գրքում՝ «Դյուցազնագրքում»։ Յուրաքանչյուր մրցման մեկնելուց առաջ հիմա արդեն փոխգնդապետ Ստեփանյանն անպայման այցելում է երկու վայր՝ ռազմական հոսպիտալ ու Եռաբլուր։

«Եթե չհիշես մեզ, գլուխդ կջարդեմ». 1 օր զորամասում` զորացրվող զինվորների հետ. լուսանկարներ

Սարգիս Ստեփանյանը ոչ միայն շարունակում է ծառայությունը ՀՀ զինված ուժերում, այլև 2018 թվականին հիմնադրել է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան և ղեկավարում է այն։ Գաղափարակից ընկերների հետ նա ստեղծել է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հարմարեցված մարզասրահ։

Սուպեր հերոս Սարգիսը. սա Հոլիվուդը չէ, Հայաստանն է ու Արցախը...

Այստեղ են հաճախում և մարզվում ոչ միայն զինհաշմանդամները, այլև կյանքի տարբեր իրավիճակներում հաշմանդամություն ձեռք բերած մարդիկ։ Ասում է՝ հաշմանդամություն ունեցող մարդու կյանքում սպորտը մեծ նշանակություն ունի։ Սա միայն սպորտ չէ, ֆիզիկապես ուժեղանալ չէ։ Այստեղ սպորտը մտածելակերպ, հոգեբանություն է փոխում։

«Դուք եք ինձ ուժ տվողը». առանց աջ ձեռքի հայ սպան կրկին դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն

«Առաջինը հաղթողի կերպար է ձևավորվում։ Այս մարդկանց համար արդեն անհնարին ոչինչ չկա։ Նրանք օրինակ են դառնում մարդկանց համար։ Ով գալիս է, մեզ տեսնում, ինքն էլ է փոխվում, ու այդպես մենք շատանում ենք»,- ասում է Սարգիսը։

Մարզասրահում «ախպերություն է», բայց մի քիչ էլ զինվորական դրվածքով և կարգուկանոնով։

Սուպեր հերոս Սարգիսը. սա Հոլիվուդը չէ, Հայաստանն է ու Արցախը...

Սարգիսի մարզասրահում (այդպես են բոլորը կարճ ու կոնրետ անվանում այս մարզասրահը) նույնիսկ մի քանի ժամ անցկացնելուց հետո չես հասկանա, թե ով է մարզիկը, ով՝ աշխատակից-մարզիչը։ Բոլորը մարզվում են, բոլորն իրար օգնում։ Մեկը պառկում է, մյուսը նրա ոտքերն է կապում, մեկը «գանտելն է» մոտեցնում։ Մի կես ժամ անց ինքդ քեզ անպետք զգալով՝ ակամա սկսում ես մի բան էլ դու անել։ Ասենք, անվասայլակով անցնող մարզիկի ճանապարհից իբրև թե արգելք հեռացնել։ Թեպետ իրականում դա իրեն չէր էլ խանգարում, բայց քեզ շնորհակալ ժպտում է՝ հասկանալով, որ «իրար օգնողների» այս միջավայրում դու էլ ես ուզում պիտանի լինել։

Սուպեր հերոս Սարգիսը. սա Հոլիվուդը չէ, Հայաստանն է ու Արցախը...

Սարգիսն ասում է՝ ի վերջո ինչ էլ անում ենք, ամեն ինչ հայրենիքի համար է։ Սա էլ է հայրենիքի համար։

«Մեր երկիրն այն դիրքերում է, որ ամեն մի բնակիչ ոչ թե խոսքով, այլ իր գործով պետք է պաշտպանի հայրենիքը։ Կապ չունի, թե ինչ գործ է անում՝ ամեն ինչի հիմքում հայրենիքն է»,- ասում նա։

Սարգիսը լիուլի ապրում է այս կյանքը՝ փոխելով հաշմանդամություն ունեցող ու չունեցող մարդկանց ընկալումները։ Իմ սուպեր հերոսի հետ խոսելիս հարցազրույց վարելու լրագրողական կանոններն ու հմտությունները մոռացվում են։

Զրույցս նախապես կազմված հարցաշարով չի ընթանում։ Սովորական մարդ չէ իմ առջև նստած՝ իմ սուպեր հերոսն է, որից սովորում եմ` ինչպես կյանքում հաղթող լինել, ինչպես ինձ տրված տարիներն իմաստավորված ապրել...

Ապրիլյան պատերազմի «ճչացող լռությունը». ի՞նչ է կատարվել ճակատից այս կողմ