Սենյակում դրված խորհրդավոր բալենին. ինչ կապ ունի ծառը կապիտան Արմենակ Ուրֆանյանի հետ

Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվեց նրա անվան դահլիճը։ Միջոցառմանը ներկա Ուրֆանյանի մայրը պատմեց, թե ինչու է սենյակում բալենի դրված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Կարինե Հարությունյան, Մեծ ու նոր վերանորոգված սենյակում, որտեղ դեռ ներկի հոտը թարմ է, հյուրասիրության սեղան է բացված. սենյակը կահավորված չէ, այնտեղ միայն մեծ ծաղկամանով բալենու ծառ կա։ Բալենին ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի սիրած ծառն էր. ծառատունկի համար հիմա այնքան էլ հաջող սեզոն չէ, դրա համար էլ այն դեռ սենյակում են դրել։

Սենյակում դրված խորհրդավոր բալենին. ինչ կապ ունի ծառը կապիտան Արմենակ Ուրֆանյանի հետ

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում այսօր բացվեց Ուրֆանյանի անվան դահլիճը։ Վերականգնողական կենտրոնում տոնական տրամադրություն է` թմբուկներ, ծաղիկներ, կարմիր ժապավեն. կենտրոնում կանգնած կինը, սակայն, հուզմունքից շրթունքներն է կրծոտում։ Ուրֆանյանի մայրն է` Համեստ Ներսիսյանը, որն ամեն ինչ անում է, որ ուշադրության կենտրոնում չհայտնվի, սակայն այսօր իր օրն է` Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրը։

Սենյակում դրված խորհրդավոր բալենին. ինչ կապ ունի ծառը կապիտան Արմենակ Ուրֆանյանի հետ

Քիչ անց տիկին Համեստը կտրում է Արմենակ Ուրֆանյանի անվան դահլիճ տանող մուտքի կարմիր ժապավենը։ Դահլիճը հագեցած է մարզասարքերով։ Թմբուկները զարկում են, հնչում են ծափողջյուններ, իսկ կինը փորձում է գլուխը թաքցնել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի թիկունքի հետևում, որպեսզի արցունքները սրբի և շունչ քաշի։ Սակայն տիկին Համեստի կրտսեր տղայի դուստրը` Էդիտան, թույլ չի տալիս, որ տատիկը շատ հուզվի, վազում–գիրկն է ընկնում, այտերը շոյում։ «Տատի՜, տատի՜»,–ուրախ ձայնով երեխան դիմում է նրան։

«Դու հերոսի մայր ես, սա քո օրն է»․ ինչու՞ են հայերը Բանակի օրը նշում Եռաբլուրում

Հյուրերը մտնում են սենյակ. նրանց շրջանում, ինչպես լինում է պաշտոնական արարողության ժամանակ, ոչ թե միայն պաշտոնյաներ են, այլ զինծառայողներ, ապրիլյանի ժամանակ զոհվածների մայրերը։ Ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը` Աննա Հակոբյանը։

Ու մինչ ներկաները հայացքներն անցկացնում են սենյակի վրայով, փորձում հասկանալ, թե ինչ ծառ է դրված այնտեղ, տիկին Համեստի հայացքը կանգ է առնում պատին փակցված որդու լուսանկարի վրա. կինն ավելի ամուր է գրկում թոռանը։ Դահլիճում օրհնության կարգ է կատարվում, ինչից հետո Արմեն Մուրադյանը պատմում է, որ Ուրֆանյանի անունը կրող այս սրահում վերականգնողական կուրս պետք է անցնեն վիրավոր զինծառայողները։

«Նման սրահներում տղաները զգում են, որ դիրքերում են, ուղղակի հիմա պետք է հաղթահարեն այլ մարտահրավեր` իրենց առողջական խնդիրը։ Հոկտեմբերին մենք կարողացանք 7 հոգու սայլակից բարձրացնել, սա հսկայական նվաճում էր կենտրոնի համար»,–ներկաներին պատմում է Մուրադյանը` շնորհավորելով ինչպես բանակի կազմավորման 28–րդ տարեդարձը, այնպես էլ Ուրֆանյանի ծննդյան օրը։

Խոսք ասելու հերթը տիկին Համեստինն է. շնորհակալություն է հայտնում Մուրադյանին` տղային արժևորելու, գնահատելու համար և մի կողմ քաշվում։

Սենյակում դրված խորհրդավոր բալենին. ինչ կապ ունի ծառը կապիտան Արմենակ Ուրֆանյանի հետ

Սենյակի կենտրոնում եռագույնով մեծ տորթ է դրված, որը կտրելուց առաջ սենյակ են մտնում նաև վերականգնողական կենտրոնում բուժում ստացողները։ Զոհված զինծառայողների ծնողների հայացքներն ուղղվում են տղաներին` հենափայտով կամ սայլակով քայլող, անդամահատված ոտքով... Ծնողները հուզվում են, ծանր լռություն է իջնում. տղաներից մեկը ծնողների հուզմունքը ցրելու և լռությունը լցնելու համար բարձրաձայն կարդում է տորթի վրա գրվածը` «Արմենակ, պարոն կապիտան 30» ու ժպտում, լայն ժպիտով նայում է ընկերներին, զոհվածների մայրերին` հավելելով, թե` լավն է։

Պարոն Մուրադյանն առաջարկում է կտրել տորթը։

Սենյակում դրված խորհրդավոր բալենին. ինչ կապ ունի ծառը կապիտան Արմենակ Ուրֆանյանի հետ

Ավելի ուշ մոտենում եմ Ուրֆանյանի մորը, մի փոքր զրուցում. տիկին Համեստն ասում է, որ գարնան գալուն պես տղայի անվան սրահում դրված բալենին տնկելու են վերականգնողական կենտրոնի պարտեզում։ «Արմենը բալ շատ էր սիրում։ Նա առհասարակ, ծաղ ու ծաղիկ շատ էր սիրում։ Նա ընկերուհուն` Գոհարիկին, «Վալենտինի օրը» տարիներ առաջ տնային մի բույս էր նվիրել, որը մինչ օրս կա, ծաղկում է։ Գոհարիկը շուտով ընտանիք կկազմի...»,–հուզմունքը չզսպելով ասում է տիկին Համեստը։

Ապրիլյան պատերազմում ոտքերից զրկված Դավիթն ամուսնացավ. տեսանյութ

Կինը պատմում է, որ որդին` Արմենակը, իր ընկերն էր, լավագույն զրուցակիցը. նրա զոհվելուց հետո «սիրտը ոչ մեկի առաջ չի բացել»։ Այդ պահին թոռնուհին է մոտենում մեզ, ու տիկին Համեստն ասում է, որ նրա հետ է հույս կապում` գուցե մեծանա և իր զրուցակիցը դառնա։ Իսկ ոսկեծամիկ Էդիտան ժպտում է ինձ, սեթևեթում ու զարմացած նայում, թե ինչ է տատիկը պատմում իր մասին։

Սենյակում դրված խորհրդավոր բալենին. ինչ կապ ունի ծառը կապիտան Արմենակ Ուրֆանյանի հետ

Տիկին Համեստին կանչում են` պետք է շրջի վերականգնողական կենտրոնում, ծանոթանա այլ սրահների ու այնտեղ մատուցվող ծառայությունների հետ։

Սակայն մինչ բոլորիս` վերականգնողական կենտրոնից դուրս գալը, Արմեն Մուրադյանը ևս մեկ լավ լուր է հայտնում` նա Ապրիլյան պատերազմի զոհեր Քյարամ Սլոյանի և Անդրանիկ Զոհրաբյանի ընտանիքներից թույլտվություն է խնդրում` կենտրոնի հաջորդ սենյակը նրանց անունով կոչելու համար...

Սենյակում դրված խորհրդավոր բալենին. ինչ կապ ունի ծառը կապիտան Արմենակ Ուրֆանյանի հետ

Ի դեպ, այսօր նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի բացման երկրորդ տարին է լրանում. այստեղ արդեն իսկ 1500 մարդ է բուժում ստացել։ Ավելին, կենտրոնի ղեկավարությունը մտադիր է նաև մարզային ծառայություն մատուցել, քանի որ կենտրոնի աշխատանքի արդյունքներն ավելի քան տեսանելի են։