Բանակը մեր ընտանիքն է. Արմեն Սարգսյանը շնորհավորել է տոնի առթիվ

Նախագահը նշել է, որ հայկական բանակն ազգային միասնականության և համախմբման կենդանի մարմնացումն է, և նրա շուրջ է ձևավորվում և դաստիարակվում գիտակից և հայրենասեր քաղաքացին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Հայկական բանակը յուրաքանչյուր օր մեզ տալիս է ամենաթանկը՝ խաղաղության և ապահովության զգացում։ Հայոց բանակի կազմավորման 28–րդ տարեդարձի առթիվ հղած իր շնորհավորական ուղերձում այսպես է բնորոշել բանակը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ 

Հայոց բանակը 28 տարեկան է

Նախագահը տոնի առթիվ շնորհավորել է բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին, բոլորին մաղթել խաղաղություն և նոր հաղթանակներ։

«Հայկական բանակը ծնունդ առավ և ձևավորվեց մեր նորօրյա ազատագրական պայքարի հերոսական մարտերում: Նա վերականգնեց այն փառքը և համբավը, որը հայ զինվորականներն ունեին հին կայսերական ժամանակներից մինչև Սարդարապատ, մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, որտեղ մեր ժողովրդի քաջարի զավակները՝ մարշալներից, գեներալներից մինչև զինվորներ, ոսկե տառերով գրեցին իրենց անունները Մեծ Հաղթանակի կերտման պատմության էջերում»,–ասվում է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում։

Պետք է ոչ մի վայրկյան չթուլացնել զգոնությունը. Դավիթ Տոնոյան

Արմեն Սարգսյանն ընդգծել է այն հանգամանքը, որ այս տարի նշվում է Մեծ հաղթանակի 75-ամյա հոբելյանը, հաղթանակ, որում մեծագույն ներդրում ունեն մեր նախնիները։ Նա նշել է, որ Մեծ հայրենականի վետերաններն իրենց կենսափորձով ու անցած ուղով պատմության կենդանի դաս են բոլորիս համար, և այսօր մեր սահմաններին նրանց սերունդներն են, նրանց հաղթական ուղին շարունակողները, մարտական ավանդույթները հաջորդ սերնդին փոխանցողները։

Նախագահը նշել է, որ հայկական բանակն ազգային միասնականության և համախմբման կենդանի մարմնացումն է, և նրա շուրջ է ձևավորվում և դաստիարակվում գիտակից և հայրենասեր քաղաքացին:

«Եթե չհիշես մեզ, գլուխդ կջարդեմ». 1 օր զորամասում` զորացրվող զինվորների հետ. լուսանկարներ

«Բանակը յուրաքանչյուրիս հարազատն է, իսկ մեզնից յուրաքանչյուրը՝ բանակի հարազատը։

Բանակը մեր ընտանիքն է, քանի որ յուրաքանչյուր ընտանիք ինչ-որ կերպ, ուղղակի կամ անուղղակի կապված է բանակի հետ։

Բանակը մեր հպարտությունն է, մեր հզոր հաղթաթղթերից մեկը։

Բանակը մեր ճակատն է։ Եվ բանակի շնորհիվ մենք բաց ճակատով, այսինքն՝ հպարտությամբ, արժանապատվությամբ, ազատ ու համարձակ ենք նայում մեր հեռու և մոտ հարևանների, մեր բարեկամների ու հակառակորդների, մեր ծանոթների ու անծանոթների աչքերին»,–ասել է նախագահը։

«Անել առավել, քան... հանուն խաղաղության». ինչ միջոցառումներ կլինեն Հայոց բանակի օրը

Արմեն Սարգսյանը շեշտել է, որ պետության կողմից շարունակաբար ձեռք բերվող զինատեսակները ամրապնդում են մեր զինված ուժերի ռազմատեխնիկական հիմքը, սակայն առանց մարդկային կապիտալի, այդ հիմքը չի կարող լիարժեք ամուր լինել։

Նա հորդորել է այս հունվարի 28-ին էլ տարվա մյուս բոլոր օրերի նման շարունակել աղոթել մեր զինվորների, ազատամարտիկների, սպաների և գեներալների, զինծառայողների ծնողների ու հարազատների համար և մտածել և գործել մեր երկրի, պետության, ժողովրդի, մեր այսօրվա ու վաղվա համար։