1788 թվականի հունվարի 26-ին բրիտանական առաջին նավատորմի նավերը հասան Ավստրալիա, և Սիդնեյի ծովածոցում տեղադրվեց բրիտանական դրոշը։ Հիմա հունվարի 26-ին նշվում է Ավստրալիայի օրը՝ որպես ազգային տոն, բայց կա նաև այլ կարծիք. ոմանք ասում են՝ ուրախանալու առիթ չկա, որովհետև դա անգլիացիների կողմից Ավստրալիայի օկուպացիայի օրն է։
Չեմ ուզում խառնվել այդ վեճին։ Քանզի ուղիղ երկու տարի առաջ հունվարին ինձ բախտ վիճակվեց լինել Ավստրալիայում, ավելի լավ է պարզապես մի երկու բան պատմեմ այդ հեռավոր երկրի մասին։ Սկսեմ խորհրդարանից։ Գիտե՞ք արդյոք, որ ցանկացած մարդ կարող է գնալ Կանբերա և բարձրանալ Ավստրալիայի խորհրդարանի կտուրը։ Այդ շենքը այնպես է նախագծված, որ նման է խոտածածկ բլրի, որի երկու կողմերից մարդիկ հանգիստ կարող են բարձրանալ և հայտնվել պառլամենտի զույգ պալատների վերևում։ Դուք սրա խորհուրդը ընկալեցի՞ք։ Ախր շատ պարզ ու տրամաբանական է։ Ժողովուրդը ամեն ինչից վեր է, իշխանությունը պատկանում է ժողովրդին, պատգամավորները ավելի ցածր են, նրանք ընդամենը ժողովրդի ծառաներն են։ Ես՝ որպես քաղաքացի, ավելի բարձր եմ, քան պառլամենտի անդամը, որովհետև ես եմ ընտրում նրան, նա ինձանից է կախված ու ամեն օր տեսնելով ինձ իր գլխավերևում, պիտի հիշի այդ իրողությունը։
Ի՞նչ է պետք Նոր Նորքի բնակչին ծալված վիճակում ամեն օր «Բանգլադեշ» հասնելու համար
Խորհրդարանից անցնենք Սիդնեյի հանրահայտ օպերային։ Իսկապես տպավորիչ է։ Երևի գիտեք, աշխարհում միակ շինությունն է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներառել է Համաշխարհային ժառանգության ցուցակում այն ժամանակ, երբ հեղինակը դեռ ողջ է եղել։ Իսկ այդ հեղինակին՝ դանիացի ճարտարապետ Յորն Ուտզոնին շինարարության ընթացքում Ավստրալիայում իշխող լիբերալներն այն օրի են հասցրել, որ նեղացել, վերադարձել է հայրենիք ու հրաժարվել է նույնիսկ մասնակցել իր իսկ նախագծած հրաշալի ստեղծագործության բացման արարողությանը։
Եվ քանզի մեզ մոտ, եթե հիշում եք, մի երկու տարի առաջ բուռն վեճեր էին ծավալվել մեր օպերային թատրոնում ռեստորան բացելու շուրջ, ասեմ, որ Սիդնեյի օպերան շրջապատված է սննդի օբյեկտներով՝ ճապոնական, կորեական, թաիլանդական, հիմնականում` չինական։ Մի քանի սննդի օբյեկտ էլ շենքի ներսում կա, նախասրահում կարող ես ավստրալական գարեջուր խմել, որն, ի դեպ, այնքան էլ վատը չի։ Ու կա շատ գեղեցիկ ռեստորան, ճիշտ է, շատ թանկ է՝ միայն կերակրացանկն ու գները նայեցինք, այնտեղ ճաշելու ցանկությունը հօդս ցնդեց, դուրս եկանք՝ ճապոնական համեմատաբար էժան օբյեկտում յենոքի, այսինքն` եփած սունկ, ու յաբբի, այսինքն` խեցգետին, կերանք։ Ու սա նորմալ է՝ ամեն մարդ չի գնա օպերային թատրոնի թանկ ռեստորանում շամպայն խմելու։
Եվ վերջում ավստրալացի Դոն Ռիչիի մասին պատմեմ։ Հաստատ չեք լսել այդ անունը։ Ես էլ երբեք չէի լսել։ Ուղղակի օվկիանոսի մոտով քայլում էինք, բարձր ժայռեր են, ներքևում էլ ալիքները աղմուկով բախվում են զառիթափ ափին։ Հասանք մի տեղ, որը կոչվում է Անդունդի հրվանդան։
Սա այն տխուր վայրն է, որտեղ հուսահատ մարդիկ գալիս են իրենց կյանքին վերջ տալու։ Դոն Ռիչին այդ մարդկանցից շատերի կյանքը փրկել է։ Ինքը Սիդնեյի ապահովագրական ընկերություններից մեկում հասարակ մի աշխատող էր, տունը գտնվում էր հենց այդ ժայռի կողքին։
Դավոս՝ միջոցների անիմաստ վատնո՞ւմ, թե արժեքավոր գաղափարներ. արժե՞ր հասնել Շվեյցարիա
Պատուհանից տեսնում էր, որ մարդիկ գալիս են, կանգնում են անդնդի եզրին, հասկանում էր, թե ինչ կարող է կատարվել, անմիջապես դուրս էր գալիս, մոտենում ու սկսում էր մտերմիկ զրուցել վերջին հույսը կորցրած այդ մարդկանց հետ, տուն էր հրավիրում, նստում, միասին թեյ կամ սուրճ էին խմում, ոմանք նույնիսկ գիշերում էին նրա տանը։ Ասում են՝ 30 տարվա ընթացքում այդպես փրկել է մոտ 500 մարդու կյանք։ Երբ 7 տարի առաջ Դոն Ռիչին մահացավ 85 տարեկան հասակում, այդ վայրում հուշապատ տեղադրեցին, որի վրա գրված են նրա խոսքերը. «Միշտ հիշեք, թե ինչ մեծ ուժ ունեն պարզ ժպիտը, օգնության ձեռքը, լսելու պատրաստ ականջը և բարի խոսքը»։