Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին ընդառաջ ՌԴ ՊՆ նախաձեռնության շրջանակում այն հողը, որը վերցվել է Հայաստանի երեք քաղաքների եղբայրական գերեզմաններից, հրետանային արկերի պարկուճների մեջ լցված, կտեղադրվի տաճարի տարածքում։
Դիլիջանը, Գյումրին ու Երևանն ընտրվել են այն պատճառով, որ այստեղ են գործել Հայրենական մեծ պատերազմի տարիների թիկունքային հոսպիտալները։ Այստեղ էլ եղբայրական գերեզմանոցներում թաղվել են Հայրենական մեծ պատերազմի մի քանի հարյուր մասնակիցները։
Առաջին կանգառը` Դիլիջան
Հայաստանի այս քաղաքում է գտնվում Հայրենական մեծ պատերազմում զոհվածների` տարածաշրջանում ամենամեծ հուշարձանը։ Այստեղ տեղի իշխանությունների և զինվորականների մասնակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողության ընթացքում վերցվեց հողի առաջին «տոպրակը»։
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը Sputnik Արմենիային պատմեց, որ քաղաքում պատերազմի ժամանակ թիկունքային հոսպիտալ է եղել, որտեղ բուժվել են տարբեր ազգի ներկայացուցիչներ։Ոչ բոլոր վիրավորներին է հաջողվել փրկել, 22 մարդ թաղված են տեղի գերեզմանատանը։ Անկախության տարիներին նրանց անունները ճշտվել են արխիվներից և գրվել շիրմաքարերին։
«Այստեղ թաղված է և՛ ուկրաինացի, և՛ վրացի, և՛ հայ, և՛ նույնիսկ ադրբեջանցի», – պատմեց Սանթրոսյանը։
Միայն Դիլիջանից պատերազմ է գնացել 1200 մարդ։ Նրանցից 400-ը չեն վերադարձել։ Այսօր քաղաքում միայն մեկ վետերան է մնացել, նա 98 տարեկան է։ Նրա մարտական ընկերը մահացել է ընդամենը մի քանի շաբաթ առաջ։
Գյումրին և վետերանների ընտանիքը
Գյումրիում 91 մարտիկի աճյուն կա։ Բոլորը մահացել են Լենինականի (Գյումրու նախկին անվանումը) հոսպիտալներում։
Գյումրին, փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի խոսքով, դարեր շարունակ կապված է եղել ռուս ժողովրդի հետ։ Եվ այսօր այնտեղ է գտնվում ռուսական 102-րդ ռազմաբազան։
Երկու ժողովուրդները բարեկամներ են եղել և շարունակում են մնալ, առավել ևս, երբ խոսքը ընդհանուր հաղթանակը կերտած զինվորների հիշատակը հավերժացնելու մասին է։
Ի տարբերություն Դիլիջանի, Գյումրիում հանդիսավոր արարողությանը մասնակցում էին նաև վետերանները։ 97-ամյա Անդրեյ Անդրիյանը ինքնուրույն էր եկել ելույթ ունենալու և ասելու, որ պատերազմի բոլոր մասնակիցները հերոսներ են։ Նրանք փրկեցին աշխարհը նացիզմից, իսկ հայերին` թուրքերի ոչնչացումից։
«Թուրքիան պատերազմի տարիներին զորքերը կենտրոնացրել էր Խորհրդային Հայաստանի սահմանին, և եթե չլիներ հաղթանակը, մենք Հայաստանում չէինք լինի», – նշեց Անդրիյանը։
Նա պատերազմի սկզբում աշխատել է երկաթգծում, 1942 թվականին ամուսնացել է։ Երկու ամիս անց կնոջը ռազմաճակատ են տարել։
Անկախ նրանից, որ երկաթուղայիններն ազատված էին զորակոչից, Անդրիյանը մտածել է, որ հետագայում չի կարողանա նայել կնոջ աչքերի մեջ, եթե թիկունքում մնա։
«Ինչ էի անելու, եթե կինս պատերազմից հետո վերադառնար ու հարցներ` մեզնից ո՞վ է տղամարդը, դո՞ւ, թե՞ ես։ Այդ պատճառով էլ դիմում գրեցի, մեկնեցի ռազմաճակատ։ 1943 թվականին վիրավորվեցի Կերչում, տուն վերադարձա», – պատմում է Անդրիյանը։
Sputnik Արմենիան վետերանից ճշտեց, որ կինն էլ է վերադարձել ռազմաճակատից, մինչև օրս միասին են ապրում։
«Ես 97 տարեկան եմ, կինս` 96, երկուսս էլ ողջ ենք», – ասաց Անդրիյանը։
Վերջին կանգառը` Երևան
«Թոխմախ» կենտրոնական գերեզմանատանը 520 խորհրդային զինվոր է թաղված։ Այստեղից վերցրին հողի վերջին «տոպրակը»` Մերձմոսկովյան տաճարի տարածք ուղարկելու համար։
«Հիշատակի ճանապարհ» նախագիծը ներկայացնելիս` Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ Կուբինկայում գտնվող վանական համալիրի մոտ հիշատակի ճանապարհ է հարթվելու, որը հավերժացնելու է հայրենիքի համար մարտնչած` պատերազմի միլիոնավոր մասնակիցների անունները։
Նա ընդգծեց, որ Հայաստանը ԽՍՀՄ մյուս երկրների թվում հսկայական ներդրում է ունեցել ընդհանուր հաղթանակի գործում։
«Ավելի քան 600 հազար հայ է պատերազմ գնացել, նրանց կեսը տուն չի վերադարձել։ Թոխմախի գերեզմանատանը հաղթանակի և ապագա սերունդների խաղաղ կյանքի համար զոհված 250 զինվոր է թաղված», – նշեց Կոպիրկինը։
Այս սխրանքի մասին հիշատակը, նրա խոսքով, սուրբ է և շատ կարևոր ոչ միայն որպես արդարության գործոն, այլև ողբերգական սխալների կրկնությունը կանխելու, սպառնալիքներին իրական գնահատական տալու համար։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր հերթին նշեց, որ յուրաքանչյուր ազգ այնպիսի էջեր ունի, որոնք անջնջելի հետք են թողնում իրենց պատմության մեջ։ Նման իրադարձություն է Հայրենական մեծ պատերազմը, որի պատմության մեջ իրենց փառավոր հետքն են թողել Խորհրդային Միության ժողովուրդները։
«Ընթացիկ տարին բոլորիս համար առանձնահատուկ է` հոբելյանական, Հաղթանակի 75-ամյակի տարին է։ Մեզնից յուրաքանչյուրի համար այս վեհ իրադարձությունը կմնա որպես արդարության հաղթանակի, անսահման հպարտության և զոհվածների նկատմամբ համաժողովրդական հիշատակի վկայություն», – ասաց Տոնոյանը։
Պատերազմում տարած հաղթանակի հիշատակի պահպանումը, ըստ նրա, կանխում է ֆաշիզմի, ազգայնամոլության, ռասիզմի, շովինիզմի, ծայրահեղականության և այլատյացության տարածումը։
Նա նշեց, որ այս միջոցառումը նաև եղբայրական ժողովուրդների փոխհարաբերությունների ամրապնդման վկայությունն է։
«Հիշատակի ճանապարհ» նախագիծը իրականացնում է ՌԴ ՊՆ–ն` հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվածների հիշատակը հավերժացնելու նպատակով։ «Հիշատակի ճանապարհը» Հայրենական մեծ պատերազմի յուրաքանչյուր մասնակցի մասին բոլորին հասանելի տվյալների միասնական բազա է։