ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի լիազորությունները կդադարեցվեն։ Նման որոշում է կայացվել այսօր` Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հրատապ նիստի ժամանակ։ Նորությունը նիստի ավարտին սպասող լրագրողներին հայտնեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը։
«Իմ քայլը» խմբակցության քննարկման ժամանակ խմբակցության անդամները վերահաստատեցին իրենց դիրքորոշումը Հարթենյանի պահվածքի վերաբերյալ։ Մենք ասացինք, որ դա դեմ է որդեգրած սկզբունքներին։ Մենք խնդրեցինք և հորդորեցինք հրաժարվել մանդատից»,–ասաց նա։
Էյրամջյանը հայտնեց, որ Հարթենյանը համաձայնել է մանդատը վայր դնել, և նա ինքն էլ հայտարարությամբ հանդես կգա։
Հարցին, թե որո՞նք էին Հարթենյանի քայլի պատճառը` Էյրամջյանը պատասխանեց, որ դա այնքան էլ կարևոր չէ։
Հայտնել էինք, որ Հարթենյանը Facebook-ի իր էջի «սթորի» բաժնում հրապարակել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջն ու գրել. «Ժողովուրդ, սա Հրայր Թովմասյանի աղջկա էջն է, դե՝ ձեզ տեսնեմ»:
«Քաղաքացիական պայմանագիրը» քննադատել էր Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը։
Ավելի ուշ սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր գրեցին, որ դա ոչ թե Հրայր Թովմասյանի դստեր, այլ մեկ այլ օգտատիրոջ էջ է։
Այնուամենայնիվ, միջադեպին անդրադարձավ նաև ՄԻՊ Արման Թաթոյանը` «խստորեն դատապարտելի, բացարձակ մերժելի» որակելով ավագանու ՔՊ–ական անդամի պահվածքը։
ՄԻՊ–ը «խստորեն դատապարտելի, բացարձակ մերժելի է» որակել ավագանու ՔՊ–ական անդամի պահվածքը